ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում պահանջում է բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները: Հայտարարությունում ասվում է․
«ՀՀ ոստիկանությունը կրկին կոչում է սթափության և օրինապահության։ Զերծ մնացեք ատելություն սերմանելուն ուղղված գործողություններից, բռնության դրսևորումներից, համաքաղաքացիներին անհատապես թիրախավորելուց, մի դիմեք ու մի տրվեք սադրանքների»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը քաղաքացիների ուշադրությունն է հրավիրում հատկապես որոշ անձանց կողմից փողոցները փակելու դեպքերի վրա։
«Նման արարքը ոչ միայն հակաօրինական է, այլև անթույլատրելի է, երբ համավարակի պայմաններում շտապ բուժօգնության ցանկացած ուշացում կարող է կյանք արժենալ։
Ոստիկանությունը քաղաքացիների իրավունքները սահմանափակելու որևէ նպատակ չի հետապնդում, պարզապես հիշեցնենք, որ հանրապետությունը գտնվում է ռազմական դրության իրավական ռեժիմում, և գործում են հստակ սահմանափակումներ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, այլ գործողությունների դիմողները կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության: