Նոյեմբերի 11-ին քրեական գործ էր հարուցվել նույն օրը երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում ցուցարարների ուղղությամբ ծխանռնակ նետելու փաստի առթիվ: Նշած արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա նույն օրը ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Ա. O.-ն:
Դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով այնտեղ հավաքված անձանց նկատմամբ՝ նաև հետը նախորոք բերված, հատուկ միջոց հանդիսացող ծխանռնակը գործարկելով` նետել է հավաքված անձանց ուղղությամբ: Արդյունքում տեղի է ունեցել ծխարձակում, և այդ դիտավորյալ գործողություններով իրարանցում և խառնաշփոթ է առաջացել բազմամարդ հավաքի վայրում:
Կատարած հանցավոր արարքի համար Ա. O.-ին վերջնարդյունքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ Ա.O.-ն, նոյեմբերի 11-ին, ժամը 20:00-ի սահմաններում, օգտագործելով ալկոհոլ և հեռուստացույցով տեսնելով, որ ՀՀ Ազգային ժողովի դիմաց տեղի է ունենում հանրահավաք, զայրանալով այդ փաստից, դուրս է եկել բնակարանից, իր ընտանիքին պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է ծխանռնակ և պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել Երևան քաղաքի Բաղրամյան 19 հասցե, ՀՀ ԱԺ-ի դիմաց, որտեղ անցկացվում էր հանրահավաքը: