Քիչ առաջ «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչյանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ:
Ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել ակցիան: Այս մասին հայտնել է կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը։
«Դիմում եմ իրավապահ մարմիններին՝ հարձակում գործած անձանց հրատապ հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով խստագույն պատժի ենթարկելու պահանջով»,- գրել է Բաբայանը:
Armenia Today կայքի հետ հեռախոսազրույցում Վահան Բաբայանը նշեց, որ այս պահին գտնվում է բժիշկների ու ոստիկանության ծառայողների հետ, որից հետո պատրաստվում է ավելի մանրամասն տվյալներ հաղորդել տեղի ունեցածի մասին։
Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների հրաժարականների պահանջով բողոքի ցույցերը նրանց բնակարանների մոտ տեղի են ունենում արդեն մի քանի օր։ Ակցիայի մասնակիցները քաղաքական գործիչնեերի տներ են տանում ծաղկեպսակներ, ամոթանք պարունակող գրություններով պաստառներ և բարձրախոսներով հորդորում հրաժարվել մանդատներից։