Արցախի շրջանները 5 միլիարդ դոլարի դիմաց վաճառելու հրապարակումների վերաբերյալ նյութերը Գլխավոր դատախազությունից ստացվել և կցվել են Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործին։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։
Տեղեկացրեցին, որ նշված քրեական գործը հարուցվել էր ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:
ՀՔԾ-ից չհայտնեցին, թե արդյոք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այդ գործով հարցաքննության կանչվե՞լ է, թե՞ ոչ։
Հիշեցնենք՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ Արցախի հարցը լուծվել է գործարքի միջոցով՝ Նիկոլ Փաշինյանին 5 միլիարդ դոլար է առաջարկվել։
Մինասյանն ասել էր նաև, որ առաջարկը Փաշինյանին փոխանցել է ադրբեջանցի բարձրաստիճան մի պաշտոնյա այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով։
ԱԱԾ նախկին տնօրենը հաստատել էր, որ նման հանդիպումներ կայացել են։ Օպերատիվ կապի շրջանակներում Վանեցյանը պարբերաբար հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Դուբայում։