Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրը չի քննարկել երկրում ռազմական դրության վերացման հարցը ֆորմալության պատճառով, որի վրա հղում է արել «Իմ քայլը» խմբակցությունը, «РИА новости» – ին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նախօրեին ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը ընդդիմության հանրահավաքում հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու համար: Նա նշել է, որ իշխանություններն արհեստականորեն ձգձգում են նման որոշման ընդունումը, որպեսզի սահմանափակեն ընդդիմության գործողությունները։ Ռազմական դրության վերացումը ընդդիմությանը թույլ կտար նախաձեռնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթացը. ռազմական դրության ժամանակ դա արգելված է։
«Նրանք («Իմ քայլը» խմբակցություն – խմբ.) «կառչած են» այն դրույթից, ըստ որի՝ նույն հարցով նիստը չի կարող անցկացվել ամսվա ընթացքում երկու անգամ։ Բայց խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանի տրամադրության տակ կա մի գործիք, որը նրան թույլ է տալիս որոշ հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնել՝ ելնելով դրանց կարևորությունից։ Այսինքն նրանք կարող էին, սկզբունքորեն, նիստ հրավիրել», – ասել է Աբովյանը։
Նոյեմբերի վերջին խորհրդարանական մեծամասնությունը հրաժարվել էր չեղարկել ռազմական դրությունը։
Ընդդիմության ակցիաները տեղի են ունենում Երևանում, նրանց մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը այն պատճառով, որ նա ստորագրել է Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը։ Կառավարության ղեկավարի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը վարչապետի պաշտոնում առաջադրել են նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին։