Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հանդես է եկել ՀՀ իշխանությունների դեմ բացահայտումների նոր շարքով։
Մասնավորապես, նա հայտարարել է, որ վարչապետը շանտաժի է ենթարկում իր քաղաքական թիմին։ Մինասյանի խոսքով Փաշինյանը իշխանության գալուց հետո ԱԱԾ գործակալներից պահանջել է տրամադրել իր շրջապատի անձնանց «դոսյե»-ները։
«ԱԱԾ ղեկավարությունը հրաժարվել է, բայց կառույցում կան թույլ մարդիկ, որոնք Փաշինյանին են հանձնել այդ փաթեթները», – ասել է նախկին դիվանագետը: Նա նաև հայտարարել է, որ վարչապետի հանձնարարությամբ ԱԱԾ-ն իշխող դաշինքի պատգամավորների «դոսյե» է կազմել:
Նախկին դիվանագետը նաև հայտարարել է, որ վարչապետը տեղեկություններ է հավաքել կառավարության անդամների դեմ։ Ըստ Մինասյանի՝ քրեական գործեր կան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դեմ (նախկին դիվանագետի խոսքով՝ վերջինս մասնակցել է «ասֆալտի ատկատներին»), ինչպես նաև ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի նկատմամբ:
Միքայել Մինասյանը հայտարարել է, որ մեկուկես տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանին պատմել է այն, ինչ, ըստ Մինասյանի, տեղի է ունենում Արցախի հետ այս պահին: «Մեկուկես տարի առաջ տեղի ունեցավ հանդիպում, որին ներկա էին Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը և Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար Կամո Աղաջանյանը։ Այդ չորս մարդիկ խոսում էին Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրի մասին», – ասել է Մինասյանը։
Նրա խոսքով՝ Հարությունյանը և Աղաջանյանը վերջին մեկ տարում վաճառել են Ջեբրայիլում, Ֆիզուլիում և Հադրութում իրենց կամ իրենց հետ կապված մարդկանց պատկանող բոլոր բիզնեսները։