ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է հասցեագրել նամակ, որը տարածվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում: Այս մասին
հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Այդ նամակում տեղ են գտել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու նրանց իրավունքներին վերաբերող հարցեր, ուստի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նամակի այդ մասերին:
1. ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակի հավելվածի 6-րդ պարբերությունում նշված է, որ հակաահաբեկչական միջոցառման շրջանակում ադրբեջանական մարմինները հայտնաբերել են Հայաստանի քաղաքացի թվով 62 զինծառայող, որոնք զորակոչված են գլխավորապես Շիրակից, ներկայում կալանավորված են և Ադրբեջանում նրանց նկատմամբ ընթանում են քննչական վարույթներ:
2. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ բացարձակ դատապարտելի է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների հարցը տարածքային հարցերի հետ կապելն ու ակնհայտ քաղաքականացնելը: Դա կոպտորեն խախտում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային պահանջները:
Ինչպես ադրբեջանական նամակում նշված 62, այնպես էլ մյուս բոլոր հայ զինծառայողները կարգավիճակով գերիներ են, նրանք իրենց գերեվարման վայրերում են գտնվել բացառապես իրենց իրավական պարտականությունը կատարելու՝ զինվորական ծառայություն տանելու նպատակով ու նրանք պետք է առանց որևէ նախապայման ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան:
3. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նաև հարկ է համարում հատուկ արձանագրում անել այն մասին, որ անթույլատրելլի է հետպատերազմական գործընթացի մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը քաղաքականացնելը:
4. Բացարձակ անթույլատրելի է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, իբր, թե դրա գործողությունը տարածվում է միայն այդ հայտարարության ստորագրումից առաջ առկա իրավիճակի վրա: Նման մոտեցումը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքներն ու հետպատերազմական մարդասիրական գործընթացը:
5. Սկզբունքային կարևորության հարց է այն, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են 62 հայ զինծառայող գերիների վերադարձը՝ նենգափոխելով իրավական գործընթացները, նրանց արհեստականորեն տալով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, ու կալանքի ձևով անազատության մեջ պահելը օգտագործելով՝ որպես պատիժ:
6. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ Ադրբեջանի իշխանության մարմիններն ի սկզբանե արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ու այլ կերպ ազատությունից զրկվածների ազատ արձակումը, շարունակաբար չեն հայտնում գերիների իրական թիվը:
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ նրանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև 44 գերիների վերադարձին:
7. Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի քարոզի կազմակերպված քաղաքականության համատեքստում:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցները, որոնք հիմնված են օբյեկտիվ ապացույցների վրա, հաստատում են Ադրբեջանում հայատյաց քաղաքականության խորքային արմատները, թշնամանքի ու վայրագությունների խրախուսումը ադրբեջանական իշխանության մարմինների կողմից ու որ անգամ դա բացահայտ անում են մշակույթի գործիչները:
8. Ուստի, հրավիրում եմ ՄԱԿ-ի ու մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային մյուս կառույցների ուշադրությունը սույն հայտարարության մեջ նշված խնդիրների վրա:
9. Հայաստանի իշխանության բարձրագույն մարմինները բանակցություններ վարելիս պետք է հաշվի առնեն նաև Մարդու իրավունքների պաշտպանի սույն հայտարարության մեջ նշված հանգամանքները:
Հենց այդ սկզբունքները հիմք ընդունելով՝ Հայաստանի իշխանության բարձրագույն մարմինները պետք է գործեն այնպես կամ այնպիսի երաշխիքների առկայությամբ, որ մարդասիրական ու մարդու իրավունքների գործընթացի շրջանակում ապահովվի մեր հայրենակիցների անվերապահ վերադարձը Հայրենիք:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց գերության մեջ գտնվելու մասին հստակ թիվ պաշտոնապես չի նշվում։