Երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի հաջողվել լուծել գերիների հարցը։ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված հարցերի շուրջ Armenia Today-ը զրուցել է ՄԻԵԴ-ում ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ անձանց իրավունքներով զբաղվող իրավաբանական խմբի անդամ Սիրանուշ Սահակյանի հետ։
-Տիկին Սահակյան, նախ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է, որ լիբանանահայ Մարալ Նաջարյանը բանտարկված է Բաքվում։ Ալիևը հայտարարում էր, որ ռազմական գործողություններից հետո գերեվարված հայերը ոչ թե ռազմագերի են, այլ ահաբեկիչներ և քրեական պատասխանատվության կենթարկվեն: Մարալ Նաջարյանի հետ կապված ի՞նչ քայլեր է ձեռնարկվում։
-Ադրբեջանը սիրիահայերին և լիբանանահայերին փորձում է ներկայացնել որպես վարձկաններ։ Այդ մարդկանց իրավունքները չարաշահվում են, որպեսզի ապացույցներ ստեղծվեն հօգուտ ադրբեջանական իշխանությունների, և մոլորեցնեն միջազգային հանրությունը։ Քանի որ միջազգային հանրությունն արձանագրել է, որ Թուրքիան և Ադրբեջանը վարձկաններ են ներգրավել Արցախյան պատերազմում։ Փորձում են հայելային էֆեկտով նույնական խնդիր ներկայացնել հայկական կողմի համար։ Լիբանանահայ Մարալ Նաջարյանի՝ ՄԻԵԴ ներկայացված խնդրագրով զբաղվում է կառավարության լիազոր ներկայացուցչի գրասենյակը։ Այդուհանդերձ, մենք կասկած չունենք, որ այդ կանայք նույնպես բռնության են ենթարկվում։
–ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի հաջողվել լուծել գերիների հարցը։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ չստացվեց։ Արդյոք Ադրբեջանը ռազմագերների խնդրին լուծում չի տալիս քաղաքական դիվիդենտներ շահելո՞ւ համար։
-Գերիների խնդիրը չի կարող կապվել քաղաքական բանակցությունների օրակարգի որևէ հարցի հետ։ Բոլոր նման փորձերն արհեստական են և առնչություն չունեն իրավունքի հետ։ Միջազգային իրավունքը երաշխիքներ չունի, որ մի պետությունը պարտավոր է մեկ այլ պետության իր տարածները տրամադրել, իր տարածքի նկատմամբ իրավունքներ սահմանափակել, կամ տարածքը նվիրել թշնամուն։ Սակայն, միջազգային իրավունքն ունի հստակ կանոններ, որ խաղաղության վերաբերյալ համաձայնությունը կնքելուց հետո կամ ակտիվ հակամարտությունը կարգավորելուց հետո բոլոր պետությունները պարտավոր են իրենց հսկողության ներքո գտնվող պատերազմող կողմի քաղաքացիներին վերադարձնել հայրենիք։ Ավելին՝ դա չկատարելը միջազգային իրավունքի խախտում է, որն այդ պետության համար ծանր իրավիճակ կարող է ստեղծել։ Վերոնշյալ հարցերը փոխկապակցված չեն։ Չի կարելի ասել, եթե զիջման չես գնում, գերիներին չենք վերադարձնում։ Եվ հաջորդ հարցը․ եթե Ադրբեջանն իր համաձայնությունը չի տվել գերիների հայրենադարձման համար, ինչո՞ւ է հայկական կողմն իր տարածքների սահմանափակման հնարավորությունը տվել։ Այստեղ ես որևէ իրավական, տրամաբանական փաստարկում չեմ տեսնում։ Ձախողվել են բանակցությունները։ Ինչո՞ւ, որովհետև կա՛մ հայկական կողմը լռել է, ճիշտ փաստարկներով հանդես չի եկել, կա՛մ վատ բանակցողներ են։ Այս խնդիրն այնքան բարդություն չունի, որ տարածքային հարցերի լուծմանը զուգընթաց հնարավոր չլիներ լուծել։ Ռուս- վրացական պատերազմի արդյունքում գերիներ հայրենադարձությունը հնարավոր է եղել երկշաբաթյա ժամկետում։ Ռուսաստանի Դաշնությունը հնարավորություն չունե՞ր երկար ժամանակ շահել Վրաստանի քաղաքացիների հնարավորությունները։ Այդ հարցերը շատ արագ լուծում ստացան։ Պատճառը քաղաքական է։
– Կողմերը հանդես եկան գերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակաման սկզբունքով։ Բայց հիմա ստացվում է, որ «բոլորը բոլորի դիմաց» բանաձևն աշխատում է միայն Ադրբեջանի օգտին։
-Նշեմ, որ Ադրբեջանի գերիների թիվն անհամեմատ ավելի քիչ է, քան հայկական կողմից այս երկրում գերեվարված անձանց։ Ամենակարևորը՝ Ադրբեջանն ստացավ հանցագործներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք երբևիցե փոխանակման մաս չէին կարող կազմել։ Այդ անձինք չեն գտնվում միջազգային պաշտպանության ներքո։ Փոխարենը դրա դիմաց Հայաստանին չի տալիս 100-ից ավել գերեվարված անձանց։ Ադրբեջանը փորձ է անում գերիներին զրկել կարգավիճակից և ներկայացնել որպես հանցագործներ, որպեսզի չվերադարձնի։ Այսինքն՝ հայկական կողմի թուլությունն ունեցավ իր պատճառահետևանքային ազդեցությունները։ Երբ հանցագործին տալիս են պաշտպանություն, թշնամական պետությունն ի պատասխան քո գերիներին զրկում է կարգավիճակից և հրաժարվում մոտ ապագայում վերադարձնել հայրենիք։
–Ռազմագերիների վերադարձման հարցի լուծման ուղղությամբ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն։
-Իրավական հարթության մեջ լուծումը հնարավոր է, բայց դա շատ ցավոտ է լինելու ընտանիքի անդամների համար։ Իսկ այդ իրավական գործընթացները երկար ժամանակ են պահանջում։ Մենք, հասկանալով տեղի ունեցածը, իրավական մեխանիզմներ ենք գործարկել և վերջնարդյունքում թույլ չենք տալու, որ Ադրբեջանն իր նախաձեռնություններն իրականացնի։ Ինչքան էլ Հայաստանը հանդուրժի Ադրբեջանի ապօրինությունները, լինելու են իրավապաշտպանական խմբեր, որոնք գերիների հարցով զբաղվելու են։ Միակ լուծումն արդյունավետ բանակցություններն են, բայց մեր երկրի վարչապետն ինքնախոստովանում է, որ իր մոտ բանակցել հանուն հայրենիքի չի ստացվում։