Ես գործադիր իշխանություն չեմ գնում, քաղաքական թիմի անդամ չեմ դառնում։ Ես գնում եմ մասնագիտական աշխատանքի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։
Նա ասաց, որ Բարձարագույն դատական խորհրդի անդամ պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել է «Իմ Քայլը» խմբակցությունը, ինքն էլ առաջարկը չի մերժել։
«Ուրախ կլինեմ, որ այսօր ևեթ ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն եւս ինձ առաջադրեն, մեծ սիրով կհամաձայնեմ իրենց կողմից էլ առաջադրվել, որովհետև որևէ սահմանափակում չկա, թե քանի խմբակցություն կառաջադրի»,- նշեց նա։
Անդրադառնալով այն հարցին, որ ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել՝ տարիքային սահմանափակման պատճառով, Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց, որ Դատական օրենսգիրքը լավ չի ուսումնասիրվում․
«Նույն օրենսգրքով՝ նախկին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը 70 տարին լրանալուց հետո ընտրվել է ԲԴԽ նախագահ։ Իրավաբան-գիտնականների համար տարիքային առավելագույն սահման նախատեսված չէ։ 65 տարին իրավաբան-գիտնականի համար ո՛չ Սամանադրությամբ, ո՛չ Դատական օրենսգրքով նախատեսված չէ»,- բացատրեց նախկին զինդատախազը։
Խոսելով իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին հարաբերությունների մասին, նախկին զինդատախազը հիշեցրեց, որ Փաշինյանը դեռ անազատության մեջ գտնվելու ժամանակ մի հոդված էր գրել և հայտարարել, որ գտել է ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածուին՝ Գագիկ Ջհանգիրյանին։
Լրագրողները չշրջանցեցին նաև Մատաղիսի հայտնի գործը։ Նախկին պաշտոնյան ասաց, որ երբ այդ դատապարտյալները ազատվել են կալանքից, ինքն արդեն պաշտոնավարել է Գլխավոր դատախազությունում, զինվորական դատախազը եղել է Արմեն Խաչատուրյանը։
Հարցին, թե իր զինդատախազ աշխատած տարիներին կոծկվել են մի շարք հանցագործություններ, Ջհանգիրյանը պատասխանեց․ «Ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ՝ դատախազ եղած ժամանակ։ Բա հիմա 2 տարի Քննչական դեպարտամենտում այդ գործը քննվում է, բա ինչո՞ւ չեն բացահայտում իրական հանցագործներին, եթե դրանք կան, ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրում, եւ ինչո՞ւ չեն առաջադրել նաեւ նախորդ իշխանությունները, եթե ես այդտեղ հանցագործություն եմ կատարել»։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունը հանդիպել էր ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Դռնփակ նիստում քննարկվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնում նրա թեկնածության հարցը:
Հավելենք՝ այսօր մամուլում հրապարակում եղավ, որ Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել՝ տարիքային սահմանափակման պատճառով։