ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում չորեքշաբթի քննարկվեցին մի շարք հարցեր, որոնց թվում՝ «Սնանկության մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքը։ Հիմնական զեկուցողը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էր։
Նրա խոսքով՝ օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա կարգավորել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և սնանկության ճանաչման հարաբերակցությունը։
«Մասնավորապես, ակնկալվում է օրենքով նախատեսված հանցագործությունների շարքում ներառել քրեական օրենսգրքում լրացված 223․1-223․4 հոդվածները, որոնք առնչվում են քրեական ենթամշակույթին։ Փոփոխվել են նաև օրենքի խախտմամբ նախատեսված վարույթների կարգը»,- ասաց Բադասյանը։
Մեկ այլ հարցով քննարկվեց Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի նախագիծն ու կից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մարմին՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունները, միջդատական քրեական վարույթների կազմակերպումն ու դրանց իրականացումը կարգավորելու նպատակով։ Այն նաև օպերատիվ-հետազոտական քննություն կապահովի՝ լինելով ինքնավար մարմին։ Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, իսկ հինգը՝ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն տասը դատավոր։
Կառավարության առաջարկած Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը վերը նշված նախագծերի հետ միասին միաձայն ընդունվեց։ Դրանք կներկայացվեն ԱԺ խորհուրդ՝ գալիք լիագումար նիստերի օրակարգ ներառվելու համար։