Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը։
Զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ միջդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մասնագիտացումը անհրաժեշտություն է։ Հակակոռուպցիոն ռազմավարությունից բխում է նաև, որ պետք է ներդնել մասնագիտացում՝ կոռուպցիոն մասով։
«2019 հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը դատարաններում քննվել է կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված 275 քրգործ։ Այդպիսի գործերի քննությունը մոտավորապես 30 տոկոս աճի միտում ունի»,- ասաց նախարարը։
Բադասյանն այդպիսի գործերը առաջարկում է առանձին դատավորների հանձնարարել։ Ընդ որում՝ առանձնահատկություններ սահմանելով մայրաքաղաքի և մարզերի դատական համակարգի համար։
Փաթեթը նախատեսվում է անհետաձգելիության սկզբունքով ուղարկել ԱԺ, սակայն երբ կյանքի կկոչվի, դժվար է ասել։
Բադասյանը կարծում է, որ մեկ ամսվա ընթացքում հնարավոր կլինի կոնկրետ ուղղությամբ մասնագիտացումն ապահովող փորձը փոխանցել իրավական մասնագետներին։