ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ ընդունված նախագծին՝ նշելով, որ համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության արդյունքում հավաքագրված բոլոր տվյալները ենթակա են ոչնչացման։
«Նախագծի սկզբնական տարբերակում նշվում էր, որ ապաանձնավորված տվյալները (վիճակագրական տվյալներ են և չեն նույնացնում անձին) կարող են պահպանվել, բայց դա էլ կհանվի նախագծից՝ մտահոգվելու որևէ հիմք չտալու համար, որ անձի մասին տվյալները կարող են որևէ կերպ հասանելի լինել համաճարակի դեմ պայքարից բացի այլ նպատակով»,- գրել է նախարար Բադասյանը։
Ըստ նախարարի՝ օպերատիվ կերպով կներդրվի ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ:
Նա ընդգծել է, որ նախագիծը չի ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում։
«Խնդիրը պարզ է․ ունենալ տեղեկատվություն, որով հնարավոր կլինի արդյունավետ իրականացնել մեկուսացման միջոցառումներ՝ պաշտպանելով քաղաքացիների կյանքը և առողջությունը։ Որևէ այլ նպատակով տեղեկատվության օգտագործումը հանգեցնում է քրեական պատասխանատվության (թեև նման դեպքերը իրատեսական էլ չեն)։ Մեկ կարևոր կետ ևս․ խոսք է գնում այնպիսի տեղեկատվությունը մեկտեղելու մասին, որն այսօր պահպանվում և օգտագործվում է օպերատորների կողմից և դա մեկտեղելով և անհրաժեշտության դեպքում վերլուծելու միջոցով (վարակակրի կոնտակտները հասկանալու համար)՝ պետք է արդյունավետ պայքար մղվի համաճարակի դեմ։ Այս միջոցառումները կարող են իրականացվել բացառապես համաճարակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում»,- նշել է նախարարը։
Բադասյանը պարզաբանելով զանգերը ֆիքսելու անհրաժեշտությունն ընդգծել է, որ փաստը կարևոր է, քանի որ, եթե ֆիքսվեն վարակակրի զանգերը վերջին 14 օրվա ընթացքում (բովանդակությունը հասանելի չի լինելու) և դրանք համադրվեն տեղորոշման հետ, համաճարակի դեմ պայքարի հարցում այս տեղեկությունը չափազանց կարևոր և արդյունավետ կլինի։
«Օրինակ՝ վարակակիրը խոսել է 10 անձի հետ, 10-ից հինգի հետ նաև պարբերաբար նույն տեղանքում է եղել։ Սա նշանակում է, որ այդ 5 անձինք, մեծ հավանականությամբ, շփվել են վարակակրի հետ։ Այս գործիքակազմի կիրառման արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերջիններիս նկատմամբ, լրացուցիչ ստուգողական գործողություն կատարելով (օրինակ զանգի միջոցով) հայտնաբերել, անհրաժեշտության դեպքում մեկուսացնել և թույլ չտալ նշված անձանց շփումը այլ քաղաքացիների հետ (կստուգվեն նաև այդ հինգ անձանց կոնտակտները և այդպես շարունակ)։ Մյուս հինգ անձինք, ում հետ վարակակիրը խոսել է և նույն տեղանքում չի գտնվել, այլևս «հետաքրքրություն» չեն ներկայացնի»,- նշել է նա։
Ըստ նախարարի՝ մարդկանց կյանքն ու առողջությունը ամենակարևոր արժեքներն են, և համաճարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ իրականացվող նման միջամտությունը ամբողջությամբ համաչափ է։
«Սա չի նշանակում, թե 100 %-ով կկարողանանք վերահսկել իրավիճակը, բայց ավելի թիրախային կդարձնենք մեր գործողությունները և մյուս սահմանափակումների հետ միասին ի զորու կլինենք փրկել կյանքեր։ Նման գործիքների կիրառումն արդյունավետ է եղել Չինաստանում, Հարավային Կորեայում, Իսրայելում։ Տեղեկացնեմ նաև, որ Եվրոպական միության երկրներում ներկայում որոշ գործիքներ արդեն իսկ կիրառվում են և այժմ էլ քննարկվում է ավելի լայն սահմանափակումներ կիրառման հարցը՝ հիմք ընդունելով նշածս երկրների օրինակները։
Վստահ եմ՝ նման գործիքների մշակմամբ զբաղվող մասնագետներն ավելի մանրամասն կներկայացնեն գործիքների արդյունավետությունը»,- եզրափակել է նա։