Ադրբեջանի ԶՈւ-ը լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ է անցկացնում մայիսի 18-22–ն ընկած ժամանակահատվածում։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զորավարժություններին մասնակցում է մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 120 տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ հարձակողական բնույթի զորավարժությունների անցկացման նպատակների, դրանից բխող հնարավոր վտանգների մասին Armenia Today-ի թղթակիցը զրուցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։
Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանի` ամիսներ առաջ պլանավորված զորավարժության մասին չծանուցելը նշանակում է, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը նվազագույնն ուժի և մկանների ցուցադրություն է իրականացնում առաջին հերթին Արցախի հիմնախնդրի լուծման ամենակարևոր միջազգային կառույցի՝ Մինսկի խմբի համանախագահներին։
Նահապետյանի խոսքով՝ սկզբունքորեն տարբեր երկրներ իրենց հարևան երկրների վրա ուխտադրուժ կերպով հարձակվել են, երբ սահմանին կուտակել են բավարար չափով հարձակվողական տեխնիկա և զինուժ։
«Կարևոր հանգամանք կա՝ Ադրբեջանը զորավարժություններն անցկացնում է նաև Նախիջևանի սահմանում, որտեղ այլևս գաղտնիք չէ Թուրքիայի զինուժն ունի բավական ներկայացվածություն և ներգրավվածություն։ Թուրքական զինուժի ստորաբաժանումները հիմնականում մասնակցություն են ունենում Ադրբեջանի այն զորավարժություններին, որոնք իրականացվում է Նախիջևանի տարածքում։ Այսօրվա իրավիճակում, երբ համաշխարհային մասշտաբով մարտահարվեր է նետվել մարդկությանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում սառեցնել բոլոր զինված հակամարտությունները պետությունների միջև և պետության ներսում, Ադրբեջանը սկզբունքորեն արհամարհում է այդ կոչը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիան էլ պանդեմիայի պայմաններում զինտեխնիկա և մարդուժ մտցրեց Սիրիայի այն տարածքները, որոնք վիճելի է, և ինքն ունի այդ տարածքների վրա հսկողություն իրականացնելու իր կողմից արդարացված վերահսկողություն։
Հարցին, թե հարձակվողական բնույթի զորավարժությունն ինչ վտանգներ է պարունակում՝ հաշվի առնելով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյանների հայտարարությունները, որքանով է այն պատերազմ վերսկսկելու ահազանգ, Նահապետյանը նշեց, որ ցանկացած զորավարժություն, եթե բավարար չափով տեխնիկա և մարդուժ է ներգրավում, ապա իր մեջ վտանգ պարունակում է, բայց, ըստ փորձագետի արտաքին ակտորների դերակատարումը ստեղծված իրավիճակում ևս զգալի է։
«Պետք է արձանագրել, որ արցախաադրբեջանական սահմանին լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի ռամաքաղաքական ղեկավարության ընդունած որոշումը նվազագույնը պետք է հաստատվի Ադրբեջանի ռազմաքաղաքական դաշնակից Թուրքիայի կողմից և Թուրքիայի ռազմական դաշնակից ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ի առանցքը կազմող ԱՄՆ կողմից, քանի դեռ նման հաստատում չի լինի, Ադրբեջանի նախագահը չի կարող ինքնուրույն որոշում կայացնել և նրան թույլ էլ չեն տա։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի բյուջեն լցնող հիմնական միջոցը նավթի վաճառքից է, իսկ նավթի արդյունահանման և տնօրինման վաճառքի առյուծի մասը բաժին է հասնում բրիտանական British Petroleum-ին, ստացվում է՝ այստեղ տարբեր պետությունների շահերի ուղղակի դաշտ է և պատերազմ սկսել Արցախի դեմ, որից սկզբունքորեն չի բացառվում, որ պատերազմի կրակները տեղափոխվեն ՀՀ սահման, վտանգի տակ է դրվում British Petroleum-ի ֆինանսական ներդրումներն ու այն կոմունիկացիաները, որով Ադրբեջանը, որպես տարանցիկ երկիր, գազն ու նավթը տարհանում է եվրոպական երկրներ»,- ընդգծեց Նահապետյանը։
Այնուամենայնիվ, փորձագետը նկատեց, որ ապրիլյանի կրկնության վտանգ միշտ կա՝ հաշվի առնելով, որ այն ոչ թե պատերազմ էր, այլ լայնածավալ ռազմական գործողություն։ Եթե հայկական կողմը դիմադրություն ցույց չտար սկզբունքորեն, ըստ Նահապետյանի, չէր բացառվում, որ տեխնիկայի, անձնակազմի ներգրավվածությունը, հարձակման ներուժը Ադրբեջանը մեծացներ և խնդիր դրվեր ուղղակի Արցախը գրավել։
«Ներկա պայմաններում որևէ բան բացառել հնարավոր չէ, հատկապես, որ դիվանագիտական ոլորտում Ադրբեջանն իր ագրեսիվ հռետորաբանությունը կյանքի է կոչում իր կողմից դրված պայմանների կատարման անհրաժեշտությամբ և հայկական կողմի թույլ, ոչ պրոֆեսիոնալ պարտվողական կեցվածքը հակառակորդին հնարավորություն է տալիս և սադրում է, որ վերջինս սկսի ռազմական գործողությունները։ Մեր կողմի կեցվածքը գայթակղություն է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար՝ ուժի դիրքերից լուծել Արցախյան հիմնախնդիրը»,- նշեց նա։