Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ցածր թվին և ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությանը, որ դա երջանիկ պատահականություն է, նշել է, որ պետական կառավարման հարցում պատահականությունների հույսին չեն մնում, և ինքը չի կարծում, որ Վրաստանում էլ նման բան է տեղի ունեցել։
Ըստ Միքայելյանի՝ Վրաստանն ունի շատ ավելի ակտիվ կապեր Չինաստանի, Իտալիայի հետ, և դեպի Վրաստան եկող հոսքը բավականին մեծ է, մշակութային առանձնահատկություններն էլ շատ չեն։ «Հաշվարկ եմ արել և պատկերն այսպես է՝ եթե արտերկրից մարդիկ են գալիս և մնում հասարակության մեջ, ապա վիրուսի տարածումը կարող է տասնապատիկ ավելի արագ լինել։ Քանի որ Հայաստանը ուշ փակեց սահմանները, իսկ Վրաստանն ավելի վաղ էր դա արել, այդ 9 օրերի թողած ազդեցությունը բավականին մեծ է»-նշել է Միքայելյանը։
Միքայելյանի հավաստմամբ Հայաստանում թվի արագ աճի պատճառը երկրի սահմանները ուշ փակելն էր, խնդիրները թերագնահատելն ու ուշացումով գործելը։ Ինչ վերաբերում է իշխանության կողմից առաջ քաշած այն թեզին, որ արտերկրում թվերը կեղծում են և գաղտնի պահվում, Միքայելյանի խոսքով նման տեսակետի համար չկա որևէ նախադրյալ։
«Կարևոր է վարակված և չվարակված մարդկանց հարաբերակցությունը թեստավորման խմբում, դա է ցույց տալիս, թե բնակչությունը որքանով է ընդգրկված թեստավորման մեջ։ Վրաստանում այդ հարաբերակացությունը մոտավորապես 30/1 է և սա բավական է, որ համավարակը կասեցվի։ Հայաստանում մի պահ թեստավորման աստիճանը մեծ էր, բայց հիմա հարաբերակցության թիվն իջել է, և սա վկայում է, որ մեզ մոտ չթեստավորված, չիմացած դեպքերի շատ ավելի մեծ պատկեր կա»,-նշել է նա։
Դիտարկմանը, որ հաճախ տեսակետ է հնչում, որ մեծ դեր ունի նաև քաղաքացիների՝ սոցիալական պատասխանատվության զգացումը, և հայերն ու վրացիները խնդիրը տարբեր կերպ են ընկալում, Միքայելյանը շեշտել է, որ Վրաստանում բնակչության մշակութային առանձնահատկությունները Հայաստանից որևէ կերպ չեն տարբերվում։ «Տարբերությունը պետական կառավարման, քաղաքականության, իշխանության մոտեցման միջև է։ Հայաստանում անլրջություն է, որը գալիս է իշխանությունից»,-նշել է նա։
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանն այսօր տարածաշրջանում կոլապսի առաջ կանգնած միակ երկիրն է, հաշվի առնելով հանգամանքը, որ Վրաստանում մայիսի 22-ից չեղարկվում է արտակարգ դրությունը, հուլիսից երկիրը բաց կլինի նաև զբոսաշրջիկների համար, հարևան երկրներում ևս համեմատաբար հանդարտ իրավիճակ է, Միքայելյանը պատասխանել է. «Հայաստանում կարանտինը չեղարկվեց, բայց արտակարգ դրությունը շարունակվում է, Վրաստանում կարանտինը գործելու է, իսկ արտակարգ դրությունը վերանում է։ Ադրբեջանն ավելի շատ ռեսուրս ունի, որպեսզի վիրուսը հաղթահարի և ավելի շատ թեստավորում է անում, ուստի այնտեղ ավելի հեշտ է պայքար տարվում։ Թե որքան Հայաստանը կլինի այս ճգնաժամից ավելի տուժած, կարող ենք փաստել միայն այն դեպքում, երբ այս ամեն ինչն ավարտվի»։