Թբիլիսիում ԿԸՀ-ի շենքի մոտ հավաքված ցուցարարները, որոնք բողոքում են հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ցրվել են՝ այսօր ժամը 18:00-ին հավաքվելու պայմանավորվածությամբ։ Ընդդիմության հետագա գործողությունների, տիրող իրավիճակի մասին Armenia Today-ը զրուցեց վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։
«Սպասելի էր, որ ըննդիմությունը՝ հանձինս Սաակաշվիլու կուսակցության (Միացյալ ազգային շարժում), դժգոհ կմնա ընտրությունների արդյունքներից։ Այս ընտրություններից առաջ բավականին ակտիվ հարցումներ են տեղի ունեցել, ու գրեթե բոլորը, բացի մեկից, (Սաակաշվիլու հետ կապ ունեցող հեռուստաընկերության պատվերով արված) հաղթանակը տալիս էին իշխող կուսակցությանը»,- ասաց վրացագետը։
Նա նշեց, որ ընդդիմությունն ի սկզբանե գիտեր, որ պարտվելու է։ Նախորդ տարվա նոյեմբերի պրոցեսներից հետո, երբ ՎՀ խորհրդարանում տապալվեց Սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որը պետք է ապահովեր իրենց անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգի, Սաակաշվիլու կուսակցությանը չհաջողվեց քաղաքական այդ ուժերին հավաքել մեկ միասնական դաշինքի ներքո, և ընտրություններին նրանք մասնակցեցին առանձին-առանձին։
Այժմ խորհրդարան անցած կուսակցություններից 8-ը համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ։ Նրանցից 7-ը և խորհրդարան չանցած այլ կուսակցություններ դուրս են եկել փողոց՝ փորձ անելով սադրանք հրահրել, սրել իրավիճակը՝ դրա հաշվին հեղափոխության կամ իշխանափոխության հասնելով։ Սակայն վրացագետը դա հավանական չի համարում, եթե իհարկե չստեղծվեն ֆորսմաժորային իրավիճակներ, ինչպիսիք են անհամաչափ ուժի կիրառում, զոհված մարդիկ․․․ Օրինակ երեկ ԿԸՀ-ի շենքը գրավել ցանկացող ցուցարարների նկատմամբ ջրցան կիրառեց։
«Այսօրվանից, կորոնավիրուսով պայմանավորված, Վրաստանի Հանրապետությունում երեկոյան 22։00-ից մինչև առավոտյան 05։00-ն պարեկային ժամ է հայտարարված, կգործեն նաև այլ կանոններ։ Դա կսահմանափակի փողոց դուրս եկած ընդդիմությանը․ նրա նկատմամբ օրենքի շրջանակում ուժ կկիրառվի։ Այսպիսով՝ բողոքի ցույցերը կամաց-կամաց կմարեն»,- ասաց Մելիքյանը և հավելեց, որ ընդդիմությունը պետք է իր դժգոհություններն արտահայտի դատարանում, օրենքի շրջանակում, այլ ոչ փողոցում։ Ընդդիմությունն, ըստ վրացագետի, ստիպված կլինի վերադառնալ կառուցողական դաշտ, մասնակցել երկրորդ փուլին ու, ի վերջո, ըննդիմադիր գործունեւթյուն ծավալել խորհրդարանում, այլ ոչ թե խորհրդարանի դիմաց։