Պարոն Պետրոսյան, Սիրիայում այս պահին քրդական ուժերի տեղաշարժի ինչպիսի՞ պատկեր ունենք:
Ի սկզբանե քրդերը կենտրոնացած էին Աֆրինի, Քոբանիի և Հասեկեի հատվածներում: Աֆրինը գրավվեց թուրքերի կողմից և այստեղից դուրս մղվեցին քրդական ուժերը՝ չնայած, որ քրդական գործոն կա այս տարածքում, այնուամենայնիվ նրանք այլևս ուժ չեն ներկայացնում։ Հասեկեն է մնացել միայն հյուսիս-արևելյան հատվածում և այն համարվում է ամենահոծ քրդական բնակչություն ունեցող հատվածը։ Այստեղից է, որ թուրքական կողմի պահանջով զորքերը պիտի դուրս բերվեր, բայց, իհարկե, Թուրքիան ձգտում է նաև բնակչության որոշակի տեղաշարժի: Ես չեմ կարծում, որ քրդական ուժերի՝ դեպի հարավ շարժի վերաբերյալ տվյալները ճշգրիտ են, քանի որ թե՛ «Սիրիական դոմակրատական ուժեր» խմբավորման, թե՛ «Ժողովրդավարական միություն» կուսակցության և թե «Ժողովուրդների ինքնապաշտպանության ջոկատների» խոսնակները նշում են, որ այս փուլում դեռևս սպասողական վիճակ է. սպասում են՝ իրենց իսկ ձևակերպման «մինչև փոշին նստի» ու նոր քայլերի դիմեն։
Արդյոք մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններից հետո նկատվում է ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցում և թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացում:
Ես չէի շտապի ասել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները վատթարացել են, ինչպես ժամանակին չէի կիսում այն կարծիքը, որ թուրք- իսրայելական հարաբերություններն են վատացել։ Թուրքիան չի դադարել լինել ԱՄՆ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցը, այս իրողությունը շարունակում է մնալ ուժի մեջ:
Այստեղ խնդիրը բոլորովին այլ է, ես դա կկապեմ հետևյալի հետ. ամերիկյան կողմը միանգամայն գիտակցում էր, որ քրդական գործոնն արդեն իսկ դարձել է անկանխատեսելի, քանի որ քրդերը մշակում են սեփական օրակարգ և ամերիկյան կողմը թույլ տվեց թուրքական կողմին նման գործողություններ իրականացնել, որպեսզի վերահսկելի դարձնի: Այդ մասին ինքը՝ Թրամփը նշել է, որ երբեմն պետք է թույլ տալ, որ կողմերը միմյանց հետ կռվեն, որպեսզի հետո արդեն՝ իրենց այդ էներգիան բաց թողնելով գան և ավելի կառուցողական բանակցություններով հստակեցնեն հարաբերությունները։
Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, այո, ռուս –թուրքական հարաբերություններն այս պահին լավ են, բայց չպետք է մոռանանք, որ բառացիորեն ուղղաթիռի միջադեպից հետո (խոսքը 2015 թվականի նոյեմբերի 24-ի մասին է, երբ Սիրիայի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ հատվածում Թուրքիան խոցեց Ռուսաստանի զինված ուժերի Սու-24Մ ռմբակոծիչ) շատ արագ նաև փոխակերպվեցին ռուս- թուրքական հարաբերությունները։ Ուստի ես սա կգնահատեմ ոչ թե որպես ռազմավարական մերձեցում, այլ իրավիճակային փոփոխություն, քանի որ կարող եմ նշել բազմաթիվ անհամաձայնությունների կետեր, որոնք կան ռուս-թուրքական հարաբերություններում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարեց Եփրատի արևելքում «Խաղաղության ակունք» կոչվող նոր ռազմական գործողություն սկսելու մասին։ Թուրքիայի նպատակն է Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծել 30 կմ-ոց անվտանգության գոտի, որտեղ քրդական ուժերի դուրս գալուց հետո կվերաբնակեցվեն Սիրիայի փախստականները, որոնք ապաստանել են Թուրքիայի տարածքում:
Մելինե Պետրոսյան