Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ, յոթերորդ, ութերորդ միջոցառումները: Միջոցառումների նպատակն է՝ օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով, աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած ՀՀ քաղաքացիներին: Թեմայի առնչությամբ Armenia Today-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը ձեռնպահ մնաց վերը նշված միջոցառումները մեկնաբանելուց՝ նշելով, որ կառավարության որոշումն ընթացքում փոփոխություններ է կրել,սահմափակումներ են մտցվել։
Խոսելով ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարության մասին, ըստ որի Հայաստանի Հանրապետության կառավարությունը ճգնաժամը դիմավորում է վերջին 3 տարիներին կուտակված բյուջետային շուրջ 350 մլրդ դրամ (ՀՆԱ-5%) խնայողություններով, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ ավելի քան 2 մլրդ դոլարի պահուստներով, ինչը հնարավորություն է տալիս սկսել մասշտաբային հակաճգնաժամային ծախսեր՝ առանց ինֆլյացիայի և ֆինանսական անկայունության ռիսկի, Պարսյանը նշեց, որ այս պահի դրությամբ Կենտրոնական բանկում ՀՀ Կառավարությունն ունի 600 միլիոն դոլարի չափով ավանդ, որը վերջին երկու տարիների ընթացքում Կառավարության ձախողած և չկատարած, ավել հավաքագրված գումարների հաշվին է ձևավորվել, որը պետք է ծախսել առաջնահերթ նպատակներով։
«Այս պահին մեր առաջնահերթությունն է՝ ապահովել բնակչության ինքնամեկուսացումը, ապահով քաղաքացիների բուժումը՝ անհրաժեշտ դեղորայքով ու բժշկական պարագաներով համալրել տնտեսությունն ու ազգաբնակչությունը, և երրորդը՝ ապահովել բնակչությանը պարենով։ Այս պահի դրությամբ գումարները պետք է ծախսենք այս ուղությամբ»,- նշեց նա՝ հավելելով, որ ոչ մեկ չգիտի՝ որքան կտևի այս իրավիճակը, իսկ միջազգային փորձը հուշում է, որ վիրուսն ունի երկու երեք ամիս բուռն շրջան։
Տնտեսագետն ընդգծեց, որ խնդիրներին լուծում տալուց հետո միայն պետք է մտածել զարգացման ծրագրեր իրականացնելու մասին։ Մինչդեռ մենք հիմա փորձում ենք գումարներ տրամադրել բանկերին, սուբսիդավորել ինչ-որ վարկային ծրագրեր, երբ որ ձեռնարկատիրական գործունեությունն ենթադրում է ակտիվություն, մարդկանց հանդիպումներ, հումքի ձեռքբերում, ինչը ինքնամեկուսացման պայմաններում հնարավոր չէ։
Սուրեն Պարսյանը դժվարացավ գնահատել տնտեսության վրա կորոնավիրուսի հետևանքների ազդեցությունը՝ նշելով, որ կառավարության ծրագրերում նշվում է հետևանքների հաղթահարում, բայց այս պահին չունենք հետևանքների գնահատական, հետևաբար չենք կարող հետևանքների հաղթահարման մասին խոսել։ Նրա կարծիքով ՝ հետևանքներն օր օրի մեծանում են և բավականին մեծ են։
«Առանձին ոլորտներում բավականին աղետալի է հետևանքները։ Տուրիզմի ոլորտը օրինակ խնդիրներ կունենա ոչ միայն այս տարի, այլ նաև հաջորդ տարիների ընթացքում։ Հստակ է՝ կա խնդիր և այն բնորոշ է բոլոր երկրներին։ Մենք նոր ճգնաժամային փուլում ենք, իսկ ճգնաժամից դուրս գալուց հետո կարող ենք գնահատել ինչ հետևանքներ կունենա այն»,- նկատեց նա։