Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածությունն ուղեկցվում է հակառակորդի կողմից սոցիալական ցանցերում իրականացվող քարոզչությամբ, ապատեղեկատվությունների տարածմամբ, ինչպես նաև անմիջական հարձակումներով՝ համակարգչային ցանցերի և սերվերների վրա: Այս մասին հայտնում է տեղեկատվության ստուգման կենտրոնը։
Նշվում է, որ այժմ սոցիալական տարբեր ցանցերում՝ Facebook, VK, Telegram, Tik-Tok, YouТube և այլն, կարող եք հանդիպել օգտահաշիվների, որոնք գրում են հայերեն, սակայն իրականում Ադրբեջանի կողմից ղեկավարվող հաքերներ են։
«Քանի որ հայ հասարակությունը մեծապես օգտվում է Facebook-ից, վերջիններս առավել ակտիվ են հենց այդ հարթակում։ Հաքերները, ինչպես ֆեյք էջերով, այնպես էլ հայ օգտատերերի կոտրած էջերով տարածում են կեղծ լուրեր՝ լսարանին ապակողմնորոշելու և խուճապ տարածելու համար։ Նմանօրինակ կեղծ էջերը այժմ տարածում են տեղեկություն, թե իրենց եղբայրները, որոնք ծառայում են բանակում, խոսում են ավելի քան 37 զինծառայողի մահվան մասին, իսկ ՀՀ կառավարությունը թաքցնում է հանրությունից այդ փաստը»,- ասվում է հրապարակման մեջ։
Տեղեկատվության ստուգման կենտրոնն ընդգծել է, որ, ի հակադրություն ադրբեջանական քարոզչության, համաձայն ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկատվության՝ հայկական կողմում մարդկային զոհեր չկան։