Գիշերվանից մինչև այս պահը մոտ տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ գտնվում են DDoS հարձակման տակ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանը նշել է, որ Արթուր Պապյանի և Ռուբեն Մուրադյանի հետ քննարկել են հարձակման յուրահատկությունները և եկել են եզրակացության, որ կա բավական մեծ հավանականություն, որ
DDoS հարձակումը իրականացվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ նմանատիպ մարմնի կողմից, որոնք Ադրբեջանի մի քանի հազար քաղաքացիների ներգրավել են հարձակման մեջ՝ բաժանելով նրանց հատուկ ծրագրային ապահովում, որը տեղադրվում է համակարգչի վրա և ապահովում է հարձակում։
«Ինչու ենք եկել նման եզրակացության․
ա․ Հարձակվող համակարգիչների մեջ կան հազարավոր ադրբեջանական IP հասցեներով սարքեր:
բ․ Ադրբեջանական հաքերային խմբերը չեն հայտնում հարձակման մասին:
գ․ Քանակը մասնակցող սարքերի կարող է նշանակել այն, որ կա՛մ ադրբջանական հաքերները, կա՛մ հատուկ ծառայությունները վարակել են Ադրբեջանի մեծ քանակի քաղաքացիների, կա՛մ քաղաքացիները գիտակցելով են մասնակցում հարձակմանը:
դ․ Գիտակցաբար հարձակմանը մասնակցելը նշանակում է մարդկանց տրամադրել հատուկ ծրագիր, բացատրել՝ ինչպես այն տեղադրել և աշխատեցնել։ Այս ծավալներով սա հնարավոր կլիներ միայն մեծ ֆլեշմոբի միջոցով. շատ երկներում մենք նման դեպքերի ականատես եղել ենք։ Սակայն Ադրբեջանում նման բան չի նկատվել:
ե․ Ինչից մենք եզրակացնում ենք, որ ծրագիրը բաժանվել է ներքին կարգով՝ պետական մակարդակով: Հնարավոր է՝ պետծառայողների կամ Ադրբեջանի իշխող կուսակցության անդամների շարքերում։ Օրինակ՝ դա կարող են լինել բաց կոդով տարածվող LOIC, HOIC տիպի ծրագրեր»,- գրել է Մարտիրոսյանը։