ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհուրդն իր խորը մտահոգությունն է հայտնել «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի մասին:
«Օրեր առաջ ԶԼՄ-ների տարբեր հարթակներում ծավալվեցին հանրային քննարկումներ վերոնշյալ ծրագրերի և չափորոշիչների շուրջ: Արտահայտվեցին շատ ու շատ մտավորականներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Ֆեյսբուքյան տիրույթներում հեղինակային խումբը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես տեղեկացրին, որ կատարվում են փոփոխություններ հրապարակ նետված սևագրության մեջ (խմբի անդամների բնորոշումն է), և շուտով հանրության դատին կներկայացվեն նոր՝ փոփոխված և լրամշակված չափորոշիչ ու ծրագիր: Սակայն ինչպես և սպասելի էր 9-ամսյա ժամկետում միայն սևագրություն կազմելու հմտություն ունեցող խմբից, հրամցվեց երկրորդ` լրամշակված սևագրությունը՝ միայն մասնակիորեն փոփոխված «Գրականության» ծրագրով»,-նշված է ֆակուլտետի գիտխորհրդի հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ արդեն իսկ բացահայտ է, որ հեղինակային խումբը հարկադիր համառությամբ կա՛մ ցանկություն չունի, կա՛մ ի զորու չէ ընդառաջ գնալու հանրության զգալի մեծամասնության պահանջին: «Ավելին՝ առանց բազմակողմ մասնագիտական քննարկումների, օտար չափորոշիչների ապաշնորհ թարգմանությամբ ստացված ծրագրի տեղայնացումից ծնված անտեղի ոգևորությամբ ակնհայտորեն փորձ է արվում հայագիտության մեջ անուրանալի վաստակ ունեցող գիտնական մտավորականներին «դասդասելու» հնի և նորի կեղծ սահմանաբաժաններում»,-ասվում է հայտարարության մեջ։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետից հայտնում են, որ իրենք ձեռնպահ են մնալու հարցի այդօրինակ քննարկումներից: «Հաշվի առնելով նախագծում իբրև թե կատարված բովանդակային փոփոխությունները՝ հայ բանասիրության ֆակուլտետը հայտնում է իր խոր մտահոգությունը այս ծրագրերի և չափորոշիչների վերաբերյալ, իր անվստահությունն է հայտնում աշխատանքային խմբին և անվերապահմերժում ծրագրերը հիմնավոր պատճառներով, որոնց մի մաս՝ ստորև»,-հայտարարում են լեզվաբաններն ու գրականագետները։