Ես աշխատելու եմ բաց, շիտակ և թափանցիկ, և չի կարող մի մտահոգություն լինել, որը հաշվի չի առնվի, որևէ փաստարկ, որը քննարկելի չի լինի, ես դա երաշխավորում եմ և անձամբ, և ի պաշտոնե: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» ծրագրի շրջանակներում նշել է շրջակա միջավայրի նորանշանակ նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ պատասխանելով Ամուլսարի հետ կապված վիճակի մասին հարցին:
«Ցանկանում եմ երաշխավորել, ինչպես նաև վարչապետն է անդրադարձել իր ասուլիսիներին, եթե հանքը շահագործվի, մենք պետք է ունենանք բոլոր երաշխիքները ռիսկերի կառավարման ու մնացած մտահոգությունների փարատման առումով, եթե այլ երաշխիքներ չլինեն, ուրեմն չպետք է շահագործվի: Բնապահպանական շարժումների, նրանց ներկայացուցիչների հետ էլ պետք է խոսեմ»,- մասնավորապես ասել է Ռոմանոս Պետորսյանը:
Անդրադառնալով Ամուլսարում տիրող լարված իրավիճակին՝ նախարարը նշել է, որ այս պահին միջամտելու իրավասություն իրենց գերատեսչությունը չունի:
Նա ժամանակ է խնդրել, որպեսզի լիարժեքորեն տիրապետի թեմային ու իր կոմպետենտ կարծիքը հնչեցնի այս մասին ավելի ուշ: «Ամուլսարի հարցի կարևությունը չեմ նսեմացնում, բայց խնդրում եմ դրսևորել ողջամիտ վարք, զսպվածություն և համբերատար սպասել»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ քանի դեռ ինքը չի տիրապետում ամբողջական, խորքային տվյալներին, փորձագիտական գնահատականներին, չի կարող այդ մասին խոսել: