Գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կտրամադրի օգոստոսի 4-ի պայթյունի հետևանքով վնասված Բեյրութի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման համար: Այս մասին տեղեկացնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից:
Նպատակային օգնություն է տրամադրվելու նաև զոհված հայերի ընտանիքներին՝ յուրաքանչյուրին 10 հազար ԱՄՆ դոլար:
«Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի իրադարձությունից: Մենք խորապես սգում ենք զոհերի համար և արագ ապաքինում մաղթում այս ողբերգությունից բոլոր տուժածներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այսպիսի վիճակում է գտնվում օգոստոսի 4-ի պայթյունի հետևանքով վնասված Բեյրութի Սուրբ Գևորգ եկեղեցին
Опубликовано Armenia Today – հայերեն Среда, 5 августа 2020 г.
Հավելենք, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացնում, սատար կանգնում նեղության մեջ հայտնված մեր հայրենակիցներին:
Վերջերս հիմնադրամի օգնությունը մեծամասամբ ուղղված է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին:
Այսպես, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար միջոցներ են հատկացվել ՀՀ կառավարությանը, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին։