ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը հերքել է վարչապետի հարսանիքի մասնակցելու վերաբերյալ NEWS.am և Hraparak.am կայքերի տեղեկությունը:
«NEWS.am և hraparak.am կայքերի կողմից տարածվող այն տեղեկատվությունը, թե վարչապետն իր ընտանիքով շաբաթ օրը մասնակցել է հարսանիքի, իրականությանը չի համապատասխանում»,-հայտնել է Գևորգյանը։
Ըստ խոսնակի՝ թեև պատգամավոր Ղալումյանը հերքել է վարչապետի մասնակցության մասին լուրը, լրատվամիջոցները շարունակել են ապատեղեկատվությունը տարածել։
«Տեղեկությունը ճշտելու հարցով լրատվամիջոցները ինձ չեն դիմել և այն հրապարակել են առանց պաշտոնական պարզաբանման փորձի։ Ես միշտ բաց եմ լրագրողների հետ շփումներում եւ որեւէ հարցով ինձ չդիմելու որեւէ հիմք չեմ տվել: Խնդրում եմ գործընկերներիս իրենց կայքերի միջոցով հերքել ապատեղեկատվությունը»,- գրել է նա: