Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդու կողմից ծեծված երեխաներից երկրորդը նույնպես տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Փոքրիկը 4 տարեկան է, որոշ չափով գիտակցություն ունի, նրա մոտ առկա է գանգային արյունազեղում, ներկա պահին կատարվում է բժշկական զննություն: Իսկ 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարքին։ Երեխայի կյանքին վտանգ է սպառնում»,- գրել է Դերձյանը։
Հիշեցնենք՝ երեկ Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդը ծեծել է 6-ամյա և 4-ամյա թոռներին. նա ձերբակալվել է, երեխաները հոսպիտալացվել են։
Նրանցից 6-ամյա երեխան գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Վիճակը ծայրահեղ ծանր է, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարքին։ Անմարդկային քայլի արդյունքում երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար: