Ի պաշտպանություն Ամուլսարի՝ այսօր՝ օգոստոսի 20-ին, ջերմուկցիները և հարակից համայքների բնակչներն ավտոերթով հասան Երևան ու միացան Ազատության հրապարակում հավաքված բնապահպաններին։
Ակցիայի մասնակիցներն իրենց մոտ ունեն թմբուկներ և պաստառներ՝ ««Ամուլսար ասելիս ծնկներս դողում են» ՀՀ կառավարություն», «Ամուլսարի ՇՄԱԳ-ը ուժը կորցրած պիտի ճանաչենք», «Մենք ենք մեր սարերը ու կողքի մանր-մունր քարերը» գրություններով։
Ամուլսարի պահապանները հայտարարել են, որ այսպիսով սկիզբ են դնում խաղաղ անհնազանդությունների մեծ շղթայի։
«Ժամանակն է, որ կառավարությունը ցուցաբերի քաղաքական կամք և վերջակետ դնի Ամուլսարի հոշոտման ծրագրին։ Ամուլսարում մետաղական բաց հանք շահագործելը արգելելու հիմքերը շատ են և բազմաշերտ։ Հակիրճ նշենք նաև , որ վարչապետը հրապարակավ խոստացել է, որ «Էլարդ» ընկերության մոնիթորինգի արդյունքները հիմք են հանդիսանալու որոշման կայացման համար։ Ժամանակն է խոստումները կատարելու»,- ասվում է նրանց տարածած հաղորդագրությունում։
Ազատության հրապարակից Ամուլսարի պահապանները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ։
Ազատության հրապարակում և հարակից տարածքներում մեծ թվով ոստիկանական ուժեր կան։