Ռիսկային բարձր խմբում գտնվող երեխաների համար, որոնց ցուցված չէ առկա ուսուցումը, կազմակերպվելու է կենտրոնացված հեռավար ուսուցում: Այս մասին այսօր նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Փոխնախարարի խոսքով՝ հեռավար ուսուցում նախատեսված է նաև ռիսկային խմբում գտնվող ուսուցչի դեպքում:
«Նրանց հնարավորություն է տրվելու դպրոց գալ պետության տրամադրած հավելյալ պաշտպանիչ միջոցներով կամ դասը հեռավար վարել: Դասապրոցեսը կիրականացվի տեխնիկապես զինված դասարանում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ավելացնելով, որ ռիսկային խմբում գտնվող և դասի չներկայացած ուսուցիչը կվարձատրվի Աշխատանքային օրենսգրքի համապատասխան:
Փոխնախարարը նաև հայտնել է, որ դպրոցներում կլինի դիմակների որոշակի պաշար, որը կտրամադրվի այն աշակերտներին, որոնք դիմակներ չեն ունենա կամ ընթացում կվնասեն դրանք:
Այս նպատակի համար կօգտագործվեն և խնայողությունները, և կառավարության տրամադրած հավելյալ միջոցները:
Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի, առողջապահության նախարարությունը շուտով ներկայացնելու է թեստավորման մեխանիզմներ, որը հնարավորություն կտա կաթվածահար չանել կրթական պրոցեսը և ավելի ճկուն լուծումներ ունենալ: