ՀՀ Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 27-ին, տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «BMZ 2014 67 950» վարկային համաձայնագրի պահանջներով և «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» (Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցում) ծրագրի իրականացման նպատակով հասատատել վերոնշյալ ծրագրի շրջանակներում Հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը։
Ծրագրով նախատեսվում է վերակառուցել Կապսի կիսակառույց ջրամբարը, որը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում։ Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, 1-ին փուլով (ընթացիկ) նախատեսվում է 25 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցում՝ հետագա ընդլայնման հնարավորությամբ՝՝ մինչև 60 մլն մ3:
Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Շիրակի մարզում Ախուրյան գետի սահմանափակ ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը՝ հաշվի առնելով տարբեր ջրօգտագործողների շահերը: Դա կնպաստի տարածաշրջանի ջրային ռեսուրսների կայուն և բնապահպանական տեսանկյունից հիմնավոր կառավարմանը, բնապահպանական իրավիճակի բարելավմանը, ինչպես նաև գյուղական շրջանների զարգացման խթանմանը և բնակչության կենսամակարդակի բարելավմանը:
Ծրագրի նպատակն է նաև նպաստել պարենային ապահովությանը, ավելացնել գյուղատնտեսական արդյունավետությունը, նվազեցնել թիրախային խմբի խոցելիությունը կլիմայի փոփոխությունների նկատմամբ, պահպանել տարածաշրջանի էկոհամակարգը և բիոբազմազանությունը, ինչպես նաև նվազեցնել Կապսի ջրամբարից ներքև գտնվող բնակչության անվտանգության ռիսկը: Համաձայն Ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորվածության (ՏՏՀ) ուսումնասիրության արդյունքների՝ Կապսի ջրամբարի 1-ին փուլի (25 մլն մ3) ջրածածկման տակ պետք է մնային Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի մոտ 4-5 շինություններ, իսկ նույն մարզի նույն համայնքի Արեգնադեմ, Գտաշեն և Բյուրակն բնակավայրերի, ինչպես նաև՝ նույն մարզի Մարմաշեն համայնքի Կապս բնակավայրի մոտ 20 տարբեր չափսերի հողակտորներ։