ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը նախաձեռնել է տարածաշրջանի աստղագիտական տուրիզմի պաշտոնական կայքէջի ստեղծումը։ Այս մասին տեղեկանում ենք Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջում արված հրապարակումից։
«Շարունակելով մնալ ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոն՝ ԲԱ-ն իրականացնում է նաև աստղագիտական տուրիզմի միջազգային նախագիծ՝ ուղղված հենց այս տարածաշրջանին։ Նշված նախագծի շրջանակներում ստեղծվել է «Աստղագիտական տուրիզմ» կայքէջը՝ http://astrotourism.aras.am/index_arm.php, որը նպատակ է հետապնդում ներկայացնել տարածաշրջանում գտնվող աստղագիտական որոշակի արժեք և աստղագիտական տուրիզմի համար հետաքրքրություն ունեցող վայրերը»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ կայքէջում կարելի է ծանոթանալ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների աստղագիության պատմությանն ու դրա զարգացմանը։ Կայքէջում հնարավոր է գտնել նաև տեղեկատվություն ժամանակակից և հնագույն աստղադիտարանների, արեգակնային ժամացույցների, աստղացուցարանների, Տիեզերքին առնչվող թանգարանների և այլնի մասին։