Արցախցի երիտասարդ գրող, «Վարդանանք» թերթի գլխավոր խմբագիր Վովա Արզումանյանի հեղինակությամբ լույս է տեսել «Բանակի տղան» գիրքը. այն նվիրված է Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի վառ հիշատակին։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վովա Արզումանյանն ասել է, որ գրքի լույսընծայմանն աջակցել է «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամը: Ըստ հեղինակի՝ գրքում տեղ են գտել Արմենակ Ուրֆանյանի մասին հարցազույցներ, բանաստեղծություններ, պատմվածքներ:
Խոսելով վերնագրի ընտրության մասին՝ Վ. Արզումանյանը նշել է, որ Արմենակի մայրը պատմել է, թե ինչպես մի օր տղան զանգել և ասել է. «Մամ, ես արդեն քո տղան չեմ, ես բանակի տղան եմ»:
«Գրքում խոսում եմ հերոսի կերպարի մասին, որն իր հայրենանվեր արարքներով լույս է սփռում և օրինակ հանդիսանում սերունդների համար: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Արմենակի հերոսական կերպարը դարձել է հայրենապաշտության չափանիշ: Գրքում տեղ գտած ստեղծագործությունները տարբեր ժամանակներում եմ գրել: Ուսումնասիրել եմ հերոսի կենսագրությունը, ծանոթացել մարտական ընկերների հետ՝ լսել նրանց կարծիքները: Զինակից ընկերները Արմենակին բնութագրում են որպես ժպտերես, անկեղծ, ազնիվ կերպար. ցանկացած պահի եղբայրաբար կամ հայրաբար զինվորի կողքին էր: Արմենակը բոլորին կարեկցող էր, անձնվիրաբար ծառայում էր իր հայրենիքին: Նրա մոր հետ ունեցած զրույցների ժամանակ լսեցի շատ հերոսապատումներ, որոնք բնորոշ են հենց Արմենակին: Գրքում կան պատմվածքներ, որտեղ ամբողջացված է հերոսի կերպարը»,- մասնավորապես ասել է Վ. Արզումանյանը:
Հիշեցնենք՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին օրերս հետմահու շնորհվել է Արցախի հերոս» բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան. դրանք հանձնվել են Արմենակ Ուրֆանյանի մորը: