ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել միության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման հարցը՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Հարգելի քաղաքացիներ, մասնավորապես՝ ՌԴ մեկնել ցանկացողներ, այսօրվա կառավարության նիստում հայտարարվեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների և պայմանների սահմանման հարցը: ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Քննարկվելու են նաև թեստավորում կազմակերպելու և քաղաքացիների կարանտինային ռեժիմի անցնելու հետ կապված հարցեր: Բոլոր հարցերի քննարկման և հստակեցման արդյունքում ակնկալվում է, որ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար գործող միասնական կանոն»,- գրել է Գևորգյանը։
Խոսնակը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը օդային և ցամաքային սահմանը հատողների համար երբևէ սահմանափակումներ չի կիրառել: Սահմանափակումները կիրառել և շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ ելնելով համաճարակային իրավիճակից: