ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դատի կտա դպրոցներում «սեռական դաստիարակություն» առարկայի դասավանդման մասին տեղեկություններ տարածողներին: Այս մասին նախարարը հայտնել է Facebook-ի իր էջում։
«Այսօր որոշում եմ կայացրել իբր «սեռական դաստիարակություն» առարկա նախատեսելու և ինչ-որ գրքեր բաժանելու վերաբերյալ սուտ տեղեկություն տարածողների դեմ հայց հարուցել, իսկ դատական կարգով ստացած փոխհատուցման գումարով մանկապարտեզներից մեկի համար գույք կգնեմ», – մասնավորապես գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ Հարությունյանը դեռևս մայիս ամսին իր ուղիղ եթերներից մեկի ընթացքում անդրադարձել էր Եվրոպայի խորհրդի Սեռական շահագործումից և սեռական բռնությունից Երեխաների պաշտպանության մասին կոնվենցիայի («Լանսարոտի» կոնվենցիա) վերաբերյալ մի շարք պնդումներին:
Նախարարն ընդգծել է, որ կոնվենցիան, ըստ էության, մանկապղծության դեմ պայքարի փաստաթուղթ է։ Նա նշել է, որ կոնվենցիայի 50 հոդվածներից 49-ը ոչ մի կապ չունեն կրթության հետ, և փաստաթղթով նախատեսվում է խստացնել մանկապղծության դեմ պայքարը և պաշտպանել երեխաներին այդ երեւույթից:
Նա նաև նշել է, որ սեռական դաստիարակության, նոր դասագրքերի և նոր ծրագրերի հետ կապված Կոնվենցիայի վերաբերյալ բոլոր պնդումները կեղծ են: