Ազգային ժողովի դիմաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողներին միացել են նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, քարտուղար Գևորգ Գորգիսյանը և պատգամավոր Անի Սամսոնյանը։
Պատգամավորները ելույթ են ունեցել և նշել, որ Արայիկ Հարությունյանը քանդում է իր պատասխանատվության ներքո գտնվող ոլորտները և նոր լուծումներ չի առաջարկում։
«Հարցապնդումը քննարկվել է նախորդ իշխանություններից ժառանգված ձևաչափով և ակնհայտ է, որ իշխանական մեծամասնությունը պաշտպանում է կրթության նախարարին և վաղը դեմ է քվերակելու և տապալելու է մեր նախաձեռնությունը»,- ասել է Էդմոն Մարուքյանը՝ շեշտելով, որ Արայիկ Հարությունյանը կրթության ոլորտում ամենաշատ խնդիրներ առաջացրած նախարարն է և կանգանած է կրթության ոլորտի զարգացման ճանապարհին։
Ելույթներից հետո պատգամավորները վերադարձել են Ազգային ժողով՝ կառավարության հետ հարց ու պատասխանին մասնակցելու։
Նշենք, որ Ազգային ժողովում վաղը տեղի է ունենալու «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնության շուրջ քվեարկությունը։
Նշենք, որ ամիսներ առաջ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցապնդում էր ուղարկել կառավարություն և բարձրացրել այնպիսի հարցեր, որոնք այս տարիների ընթացքում՝ Հարությունյանի նախարար նշանակվելուց հետո, լուծում չեն ստացել: Եվ չնայած նախարարությունը մանրամասն անդրադարձել է դրանց և փորձել համոզել, թե աշխատանք է տարվել, սակայն, նրանք չեն համոզվել, և այսօր՝ սեպտեմբերի 16-ին բողոքի ակցիա են նախաձեռնել Ազգային ժողովում։ Խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառ էին ներս բերել ԱԺ նիստերի դահլիճ: