Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:
Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անձամբ իր և կառավարության համար առաջնայինը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ ազդակիր համայնքների հավասարակշռված շահն է ու բոլոր որոշումներն ընդունվելու են այս համատեքստում:
Հիշեցնենք՝ Ամուլսարի հանքավայրն այսօր աշխարհում շինարարության փուլում գտնվող հանքարդյունաբերական ամենախոշոր ծրագրերից մեկն է և ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում։ Ծրագրի շրջանակում ներդրվել է ավելի քան 400 միլիոն ԱՄՆ դոլար։ Ընթացքում աշխատանքներում կներգրավվի ավելի քան 1300 մարդ, իսկ հետագա 10 տարիների հանքարդյունահանման ընթացքում կստեղծվի 700 մշտական աշխատատեղ։
«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր գործունեության համար բազմիցս ենթարկվել է սուր քննադատության։ Մասնավորապես, ընկերության կողմից Ամուլսարում հանքավայրի շինարարության ընթացքում բազմիցս վնասվել է մոտակա բնակավայրերի խմելու ջրի խողովակը, աղտոտվել են խմելու ջրերը, ոռոգման համար նախատեսված ջրամբարները, հանքավայրից տարածվող փոշուց վնասվել են և անպիտան են դարձել խոտհարքներն ու ցանքատարածություններ, կեղտաջրեր են լցվել մոտակա առվակներն ու գետերը: «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իրականացված Ամուլսարի հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքների հետևանքով փոշոտվել են Ջերմում, Գնդեվազ, Կեչուտ համայնքները (շենքեր, շինություններ, փողոցներ, պտղատու այգիներ, ցանքատարածություններ), ինչի պատճառով բնակչությանը հասցվել է առողջական, սոցիալ-տնտեսական վնաս։
Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են Ամուլսար տանող ճանապարհները: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում են՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։
2019 թ. ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։
Այս տարվա օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանել էր դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղու վրա տեղադրված «Ամուլսարի պահապանների» վագոն–տնակները ու դրանց փոխարեն տեղադրել պահնորդների համար նախատեսված վագոն-տնակները, ինչն առաջ էր բերել բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհությունը: Վերջինները հայտարարություն էին տարածել` պահանջելով իրենց տնակները վերադարձնել նախկին տեղը և միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով ընտանիքներով, երեխաների հետ գնալ Ջերմուկ ու միանալ բողոքի ակցիաներին:
«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարել էր, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։