ՀՀ ոստիկանությունը Լիբանանից ՀՀ ժամանող հայրենակիցների համար պարզաբանել է քաղաքացիություն և վարորդական վկայական ստանալու կարգը։
Նշվում է, որ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, համագործակցելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ, սկսել է իրազեկումների շարք։ Պարբերաբար տրվում է տեղեկություն՝ ոստիկանության տարածքային բաժինների, դրանց տեղակայման վայրերի վերաբերյալ և կոնտակտային տվյալներ։
ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը սահմանվում է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով և ենթաօրենսդրական ակտերով։ Ազգությամբ հայերը կարող են քաղաքացիություն ստանալ պարզեցված ընթացակարգով։ Մասնավորապես՝ առանց ՀՀ-ում վերջին 3 տարում օրինական հիմունքներով բնակվելու, Սահմանադրության վերաբերյալ թեստ հանձնելու և հայոց լեզվին տիրապետելու պահանջների կատարման։
Սփյուռքից, մասնավորապես՝ Լիբանանից ժամանած մեր հայրենակիցները Հայաստանում կարող են ունենալ նաև վարորդական իրավունքի վկայականի հետ կապված խնդիրներ:
«Լիբանանի իրավասու մարմինների կողմից տրված լիբանանյան ազգային վարորդական իրավունքի վկայականներով ոչ միայն մեր հայրենակիցները, այլև ցանկացած քաղաքացի իրավունք չունի տրանսպորտային միջոց վարել Հայաստանի Հանրապետության տարածքում, քանի որ Լիբանանը չի միացել 1968 թվականի Վիեննայի միջազգային երթևեկության մասին կոնվենցիային», – նշել է ՃՈ բաժնի պետի տեղակալ Սամվել Ներսիսյանը։
Հայաստանում մեքենա վարելու համար մեր հայրենակիցները պետք է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար հանձնեն համապատասխան քննություն։
«Գործող իրավակարգավորումներով և հնարավորություններով տեսական քննություն կարելի է հանձնել դեռևս միայն հայերեն ու ռուսերեն։ Առաջիկայում կավելացվեն նաև արաբերեն, պարսկերեն և անգլերեն լեզուները», – նշել է ՃՈ բաժնի պետի տեղակալ Սամվել Ներսիսյանը։
Հաղորդվում է, որ, համավարակով պայմանավորված, ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները աշխատում են նախապես օնլայն հերթագրմամբ։ Այսինքն՝ նախապես պետք է էլեկտրոնային փոստին ուղարկել դիմում և ստանալ քննության օրն ու ժամը։ ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների էլեկտրոնային հասցեները կարելի է գտնել police.am կայքում։
Անձնագրային և վիզաների վարչության գործառույթների վերաբերյալ տեղեկություն կարելի է ստանալ 010-37-02-64 հեռախոսահամարով, իսկ ճանապարհային ոստիկանության գործառույթների հետ կապված հարցերի դեպքում՝ 177 հեռախոսահամարով։