Սեպտեմբերի 21-ից Ռուսաստանը վերականգնում է Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ ավիահաղորդակցությունը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը ՝ հղում անելով կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
«Նիստի արդյունքում որոշում կայացվեց սեպտեմբերի 21-ից Ղազախստանի (Նուր-Սուլթան քաղաք), Ղրղզստանի (Բիշքեկ քաղաք) և Բելառուսի (Մինսկ քաղաք) հետ վերսկսել փոխադարձ միջազգային թռիչքները»,- շտաբի հաղորդագրությունը մեջբերում է գործակալությունը: Նշվում է, որ չվերթները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ:
Բացի այդ, Ռուսաստանը սեպտեմբերի 27-ից կվերսկսի միջազգային թռիչքները Հարավային Կորեայի հետ: Միջազգային թռիչքների վերականգնման հետ կապված, դադարեցվում է ռուսների համար իրականացվող հատուկ չվերթների ծրագիրը: «Օպերատիվ շտաբը որոշում է կայացրել դադարեցնել հատուկ չվերթի ծրագիրը` պետությունների միջև տրանսպորտային կապի վերականգնման և Ռուսաստանի քաղաքացիների համար կանոնավոր թռիչքներով տուն վերադառնալու հնարավորության պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի և այլ երկրների միջև կանոնավոր չվերթներն ընդհատվել էին մարտի վերջին` կորոնավիրուսի համավարակի պատճառով: Օգոստոսի 1-ին թույլատրվել է վերսկսել չվերթները դեպի Մեծ Բրիտանիա, Տանզանիա և Թուրքիա: Ռուսաստանի և Շվեյցարիայի միջև ավիահաղորդակցությունը վերականգնվել է օգոստոսի 15-ին: