Զվարթնոց տաճարում մեկնարկել է Անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումը։ Անկախության տոնի միջոցառումը մեկնարկել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությամբ, որը համանուն հաղորդաշարի պաշտոնական ամփոփումն է: Տոնը նշվում է՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն:
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության հերոսներից մեկը կորոնավիրուսը հաղթահարած քաղաքացի Պետրոս Պետրոսյանն է։
Միջոցառման ընթացքում նշվեց, որ այսօր «Մեր ժամանակների հերոսը» բուժաշխատողներն են, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել կորոնավիրուսի հաղթահարման համար։ Տեղեկացնենք, որ հատուկ մրցանակը տրվեց Տավուշի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանին։
Գլխավոր՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակին արժանացան «Վլադ Ֆիտնես»-ի հիմնադիր Վլադ Խառատյանը, Բերդ քաղաքի բնակչուհի Էմմա Քոսակյանը, ով շոկոլադապատ ելակների արտադրություն է հիմնել, ամուսիններ Վալյա Կարապետյանը և Սամվել Սուքիասյանը, ովքեր չրանոց են հիմնել, Եղեգնաձորում նորաձևության սրահ հիմնած Արմինե Աղաջանյանը, Նարեկ Կարապետյանը, ով Սիրիայից տեղափոխվելով Հայաստան, պաղպաղակի արտադրություն է հիմնել, Վալեր Նազարեթյանը. նա Գյումրիում երաժշտական գործիքների «Մինի» թանգարան է ստեղծել և այլք։
Ի դեպ, պաշտոնական միջոցառմանը մասնակցում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաններ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 21-ին համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին` Գերագույն Խորհրդի նիստում:
1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց ԽՍՀՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցում էր ընտրելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացի: Անկախության հանրաքվեին «Այո» ասաց մասնակիցների 94.39%-ը։ Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
Այս տարի համավարակով պայմանավորված՝ սեպտեմբերի 21-ին միջոցառումների զգալի մասը կազմակերպվել է առցանց: