Համազգային դրամահավաքը վերածվել է համահայկական գլոբալ մեծ շարժման։ Այս մասին միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի խոսքով՝ գրասենյակի հեռախոսները չեն լռում։ Աշխարհի տարբեր համայնքներից զանգում են և մասնակցում դրամահավաքին։ Հավաքված գումարները թիկունքի ամրապնդման համար են։
«Մենք պետք է ունենանք ամուր թիկունք, որպեսզի կարողանանք հաջողություններ ունենալ առաջնագծում։ Առանց ամուր թիկունքի, մեր հաջողությունները կուշանան։ Մենք պետք է մեծ գումարներ հավաքենք»,- ասաց նա։
Հայկակ Արշամյանը 3 լավ լուր էլ հայտնեց․ «Հովնանյան հիմնադրամի նախագահ Էդել Հովնանյանը մեծ քայլ արեց և 3մլն դոլար փոխանցեց հիմնադրամին, նույնն արեց նաև «Ալեք Մանուկյան» հիմնադրամի նախագահը՝ ևս 3 մլն դոլար փոխանցելով հիմնադրամին։ Լոսանջելիս Եսայանը և իր ընկերները 1 մլն դոլար են հավաքագրել և փոխանցել։ Ավստրալիայից, Հյուսիսային Աֆրիկայից, ամբողջ Եվրոպայից միացել են դրամահավաքին։ Այնպիսի համայնքներ կան, որ երբևէ ակտիվ չեն եղել, հիմա ակտիվ ներգրավված են։ Մարդիկ փորձում են, որքան հնարավոր է, շատ գումար հանգանակել և փոխանցել»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ հավաքված գումարները հաղթանակի համար են։