Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ 93 մարդ, որից 73-ը ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 60-ը արական, իսկ 13-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
Հիշյալ անձանցից 37-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում՝ արկի պայթյունի հետևանքով, 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս, 7-ը՝ աշխատանքի վայրում, իսկ 23-ը` հասարակական այլ վայրերում:
Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 100 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 4600 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 430 մեքենա, շուրջ 750 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների մասնակցությամբ, հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանր կորուստներ։