Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուս լրագրողներն այսօր տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ԲԿ մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը։
Երեկ ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկը Ստեփանակերտում վիրահատվել է, առավոտյան ավիացիայի ծառայության ուղղաթիռով տեղափոխվել Երևան։
Նա հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Վիճակը գնահատվում է կայուն- ծանր, գիտակցություն չունի։
Բացի Կոտյոնոկից, տուժած ևս երկու ռուս լրագրող է տեղափոխվել «Էրեբունի»` հետագա բուժում ստանալու։ Շուշան Հունանյանի տեղեկացմամբ՝ նրանք արդեն հիվանդասենյակ են տեղափոխվել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27 -ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի սահմանի ամբողջ երկայանքով։ Երեկ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են մի քանի ռուս լրագրողներ։
Հիշեցնենք նաև, որ արդեն մի քանի օր է՝ հակառակորդը հրթիռակոծում է Շուշին և Ստեփանակերտը։
Նշենք, որ այս ընթացքում ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Արտասահմանյան և հայաստանյան մի քանի լրագրողներ վիրավորվել են։ Պատերազմը լուսաբանող ֆրանսիացի լրագրող էր վիրավորվել և վիրահատվել։