Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի ԱԹՍ-ի կիրառման փաստին, որի հետեւանքով 14-ամյա երեխա էր վիրավորվել։ Այս առնչությամբ Ֆեյսբուքի իր էջում Թաթոյանը մանրամասներ է հայտնել:
Նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 14-ի վաղ առավոտյան՝ ժամը 09:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ-ի հարվածներ են հասցրել Սոթք համայնքի ուղղությամբ:
Ադրբեջանական ԱԹՍ-ի հարձակումների հետևանքով ծանր վիրավորում է ստացել 14-ամյա Ն. Ա.-ն, ով ներկայում գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
ԱԹՍ-ի հարվածները եղել են գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածության անմիջական ուղղությամբ, որտեղ տվյալ պահին կարտոֆիլի սեզոնային բերքահավաք իրականացնելու նպատակով գտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ:
Վիրավորում ստացած 14-ամյա երեխան իր 16 տարեկան հարազատ եղբոր, ինչպես նաև հոր հետ միասին նույն օրը գնացել է իրենց ընտանիքին պատկանող հողատարածք՝ կարտոֆիլի բերքահավաք իրականացնելու: Վիրավորում ստացած երեխան և իր ընտանիքի մյուս անդամները փորձել են փախչել ԱԹՍ-ի հարվածից: Դրանից գրեթե անմիջապես հետո ԱԹՍ-ը հարված է հասցրել հենց այն նույն վայրում, որտեղ իրենք կանգնած են եղել: