Ռազմաճակատում Ադրբեջանի դեմ կռիվ տվող զինվորների մայրերը, քույրերն ու մեր բազմաթիվ այլ համաքաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ պահանջելով, որ ՄԱԿ-ն արձագանքի Ադրբեջանի ագրեսիային։
Բողոքի ակցիայի մասնակիցներից Արմինե Մելքոնյանը հայտարարեց, որ չեն հանդուրժելու ադրբեջանական ագրեսիայի դեմ միջազգային կառույցների լռությունը։ Նա իր հետ բերել էր այդ ագրեսիայի հետևանքով տուժած երեխաների նկարները և նշեց, որ լուսանկարի փոքրիկը եկել է ասելու, որ ՄԱԿ–ը դավաճանում է իր սկզբունքներին։
«Ոչ ոք չպետք է անտեսվի։ Բայց, փաստացի մի ամբողջ ազգ անտեսվում է։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ՄԱԿ ներկայացված փաստերը, որ հայ գերիների 90 % ֊ի դիակները խոշտանգված և անարգված էին, լռեցվեցին և ոչ մի արձագանք չգտավ, ոչ ոք Ադրբեջանի համար զսպաշապիկ չդարձավ, ոչ ոք պատիժ չսահմանեց։ Հադրութում մարդկանց սպանել են միայն նրա համար, որ հայ են, ռասիզմն էլ ինչպե՞ս է լինում»,- շեշտեց նա։
Ակցիայի մասնակիցների բողոքի ձայնը լսելու է եկել ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներից մեկը։ Արմինե Մելքոնյանը նրան ցույց տվեց Ադրբեջանում գլխատված հայ ռազմագերու նկարը և պահանջեց, որ նա գնատականը տա տեղի ունենցածի վերաբերյալ։ Նաև տեղեկացրեց, որ թուրք- ադրբեջանական ագրեսիայից խաղաղ բնակիչներն են տուժել։
Իսկ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքողներին միացած կրթության փորձագետ Անահիտ Բաշխյանը նրան հայտնեց, որ պատերազմի հետևանքով Արցախի երեխաները զրկված են կրթությունից։
ՄԱԿ-ի ներկայացուցիչը պատասխանեց՝ տեղյակ են, թե ինչ է կատարվում։
Մինչ ակցիային շարունակվում էր, Արմինե Մելքոնյանը հայտարարեց, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչն այցելել է հիվանդանոցում գտնվող երեխաներին և քաղաքացիական անձանց։ Նա սա դիվանագիտական հաղթանական համարեց։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Անի Սամսոնյանն էլ նամակով դիմել են ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին՝ պահանջելով, որ Արցախում հումանիտար աղետը կանխելու նպատակով քայլեր ձեռնարկվեն։ Իսկ Շոմբի Շարփի հետ հանդիպել է իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը։