Հոկտեմբերի 23-ին և 24-ին Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱԳ նախարարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քերոլայն Մուգարին, համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, Ամերիկայի հայ ազգային կոմիտեի նախագահ Րաֆֆի Համփարյանին, Կոմիտեի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համփարյանին և Հայ Դատի ազգային խորհրդի անդամ Անի Չաղլասյանին։
Նախարարն իր զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը և կրակի դադարեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են Ամերիկայի համայնքի մտահոգություններն Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, իրազեկել են իրենց կողմից ձեռնարկվող քայլերի ու հետագա ծրագրերի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: