Օրերս «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանին է դիմել ազատամարտիկներից մեկի կինը, ում ամուսնու դին դեռ չեն գտել, բայց դպրոցը շարունակում է պահանջել երեխայի դպրոցական դասագրքերի գումարները։ Այս մասին նա ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ և հարցրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալներին, թե զինծառայողների երեխաների գրքերի վարձավճարների հետ կապված ի՞նչ ծրագրեր կան:
Բյուջեի քննարկմանը ներկա ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ դասագրքերը դպրոցներում կարող են առանց փոխհատուցման տրվել այն շահառուներին, որոնք ունեն դրա կարիքը, մասնավորապես, սոցիալապես ավելի խոցելի խմբերի ներկայացուցիչներին։
«Մենք նաև աջակցության ծրագիր ունենք։ ԱԺ-ն վերջերս քննարկեց և ընդունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքը, որով օրենսդրական կարգավորում ստացավ սահմանամերձ համանքների դպրոցների դասագրքերի փոխհատուցման ծրագիրը։ Այս օրերին դպրոցները բավականին ճկուն են, ներգրավված են տարբեր աշխատանքներում։ Չեմ կարծում, որ այս խմբի երեխաների համար որևէ լրացուցիչ խնդիր կարող է առաջանալ»,- նկատեց փոխնախարարը։
ԼՀԿ-ական պատգամավորն ասաց, որ բարձրացված հարցը պատկան մարմիններն ուշադրության կենտրոնում պահեն։
Նա նաև հետաքրքրվեց, թե նախարարությունն ի՞նչ ծրագրեր ունի զոհված զինծառայողների կամ ազատամարտիկների երեխաների բուհական կրթության վարձավճարները զեղչելու կամ ուսումն անվճար դարձնելու վերաբերյալ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հայտնեց, որ այդ ուղղությամբ մտածում են և բուհերի ղեկավարությունների հետ խորհրդակցություններ կսկսեն։