Նոյեմբերի 9-ին կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ոստիկանությունում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Երևանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնից: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը ազատվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանը նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչութան պետ, ով Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից:
Կադրային այս փոփոխությունների պատճառները պարզելու համար Armenia Today-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, ով հայտնեց, որ ոստիկանությունում կադրային փոփոխություններ միշտ են արվում։