ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկով այսօր` նոյեմբերի 22-ին, արցախյան պատերազմի զոհերի հիշատակի օր է նշվել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում, պատարագ է մատուցվել Անթիլիասի մայրավանքում:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն Facebook-ում գրառում է կատարել նոյեմբերի 22-ի` Արցախում զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ։
«Հայրենիքի պաշտպանությունը յորաքանչյուր հայի նվիրական պարտքն է ու պատիվը, իսկ հայրենիքի պաշտպանության համար իր անձը ընծայաբերողը նահատակ է ու հերոս։ Ազգերը մեծ են ոչ թե իրենց քանակով, այլ իրենց անմահներով ու հերոսներով, որոնք իրենց արյան վկայությամբ ազգերը վեր են պահում ժամանակի ժանգից և գերեզմանից»,–գրել է կաթողիկոսը։
Նա տեղեկացրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության աշխարհասփյուռ բոլոր թեմերի եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ արցախյան պատերազմում զոհվածների։
«Մեր ազգը իր հերոսների հավատքով ու քաջությամբ հաղթական է, իր հերոսներով հզոր է, իր հերոսներով անմահ է։ Մեր ազգը նույնիսկ ժամանակավոր պարտությունը պիտի վերածի մնայուն հաղթանակի», – գրել է կաթողիկոսը։