Դիմում եմ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանին, հրապարակային հայտարարում եմ, դեկտեմբերի 2-ի ժամը 00:00-ից սկսած, իմ անձնական պատրաստակամությունն եմ հայտնում յուրաքանչյուր հաջորդ պահին փոխանակվել յուրաքանչյուր մեր ռազմագերու հետ:
Այս մասին հայտարարել է ՔՊ անդամ, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող»)։
Նա նշել է, որ իր այս ասածի համար ներողություն է խնդրում բոլորից, սկսած իմ մայրիկից և Շվեյցարիայում բնակվող իր որդուց, վերջացած իր գաղափարական, և ոչ միայն գաղափարական ընկերներով:
«Ասեմ նաև, հասկանում եմ, որ սա փիառ կարող է դիտարկվել, և ոչ միայն փիառ այլ նաև ինչ-որ չափով հակառակվել ինչ-որ բաների: Ըստ երևույթի մեր հասարակության ներկայիս վիճակում ընկալելի է դա, բայց, եթե այս տարիներին մի փոքր հարգանքի արժանացել եմ, ապա խնդրանքս է այս ասածս ավելի շատ մարդկային, բարոյական կոնտեքստում դիտարկել, որքան էլ չկարողանաք, բայց փորձեք: Որովհետև հասկանում եմ, որ պոպուլիստական կարող է հնչել ասածս, բայց հավատացեք, դա միայն այն դեպքում, երբ հարցերը ցանկանանք դիտարկել անձնական պրիզմաներով, այլ ոչ թե համամարդկային»,-նշել է Գաբրիելյանը:
Նշենք, որ վերջին օրերին տարբեր հասարակական շրջանակներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում գերիների փոխանակման գործընթացը հնարավորինս արագացնելու համար։