«Իրատես» թերթը գրում է. «Պատերազմում պարտություն կրելուց, նոյեմբերի 9-ի ամոթալի ու խայտառակ հայտարարությունը ստորագրելուց հետո իշխանությունն այս օրերին զբաղված է «հույժ կարեւոր» գործով՝ Ընտրական օրենսգիրք է բարեփոխում: Նոր ԸՕ ունենալու հրահանգը, փաստորեն, Նիկոլ Փաշինյանն է իջեցրել: Օրերս խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլի» ու Փաշինյանի հանդիպման օրակարգում բացառապես ԸՕ-ի հարցն է եղել: Պարզ է՝ իշխանությունն ինքնակամ հրաժարական տվողը չէ: Նրանք, ինչպես Փաշինյանն է ասում, ո՛չ մեղավորություն ունեն կատարվածի մեջ, ո՛չ էլ հասկանում են՝ ինչ է կատարվել ու կատարվում:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ Երեկ՝ ամբողջ օրը, լարված իրավիճակ էր ՀՀ Սյունիքի մարզում: «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի հայտնի ոչ հայանպաստ հայտարարության օրը՝ դեռ մինչեւ փաստաթղթի ստորագրումը, հայկական կողմը նպաստավոր պայմաններով դիրքավորվել է: Եվ, ահա, այսօր, երբ պետք է արդեն սահմանազատման աշխատանքներ իրականացվեն, ստացվել է այնպես, որ հայկական ուժերն ավելի առաջ են կանգնած, քան պետք է, եւ դիրքերից հետ իջնելը դրանով է պայմանավորված:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այս օրերին իշխանությունը խոշորացույցով իրեն սատարող ուժ է փնտրում եւ այս համատեքստում սկսել է ակտիվացնել նաեւ «Սասնա ծռերին», վերջիններս էլ, հակառուսական տրամադրությունները խորացնելու հեռահար նպատակով, կրկին հող են պարարտացնում՝ այս անգամ թիրախավորելով ռուս խաղաղապահներին։ Ասում են նաեւ՝ այս շրջանակի կողմից հակառուսական տրամադրությունների ակտիվացումը ՌԴ-ում աննկատ չի մնում, եւ, Փաշինյանի գնալու հարցը ռուսական վերնախավի համար մեկընդմիշտ փակված հարց է»:
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ եռօրյա այցով Մոսկվա է մեկնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն հանդիպումների մասին մանրամասներ այդպես էլ չներկայացվեց: Ինչպե՞ս է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանը կարողացել է լքել երկիրը: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց. «Դատարանը թույլ է տվել»: Սողոմոնյանը, սակայն, չմանրամասնեց, թե ինչ հանդիպումներ է ունենալու երկրորդ նախագահը Մոսկվայում, արդյոք կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ որն է հանդիպումների հիմնական օրակարգը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 17-ին Հարավկովկասյան երկաթուղու տարածքում թուրքական մետեոսարքեր են ընկել: Թերթի աղբյուրը հաղորդում է, որ խոսքը 2 օդապարիկ-զոնդերի մասին է, որոնք ընկել են ՀԿԵ-ի՝ Երեւանում գտնվող դեպոյի տարածքում: Դրանք սովորաբար օգտագործում են եղանակի, մթնոլորտի վերին շերտում ընթացող երեւույթներն ուսումնասիրելու համար:
Ինչո՞ւ էին թուրքական օդապարիկները չափումներ կատարում Հայաստանի օդային տարածքում: Կայի՞ն արդյոք դրանց ամրագրված տեսախցիկներ կամ այլ սարքեր․ այս հարցերը ներկայում ԱԱԾ ուսումնասիրության տիրույթում են: ԱԱԾ մամուլի կենտրոնից մեզ ասացին. «Էրեբունի վարչական շրջանի տարածքում հայտնաբերված՝ անհայտ ծագում ունեցող սարքը ԱԱԾ կողմից ուսումնասիրվել է եւ որեւէ սպառնալիք չի ներկայացնում»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմում Թուրքիայի գործողությունների քննադատությամբ հանդես եկող պետությունների թիվն ավելանում է: Հատկանշական է, որ այդ պետություններին է միացել Եվրոպայում նրա հետ պատմականորեն ամենասերտ հարաբերություններ ունեցող պետությունը՝ Գերմանիան: Զարգացումների նման ընթացքն ավելի իրատեսական է դարձնում հաջորդ տարվա գարնանը ԵՄ-ի նոր պատժամիջոցների սահմանումը: Մյուս կողմից էլ Թուրքիայից տարանջատվել ցանկացող երկրների թիվն անշեղորեն աճում է, ինչը խոսում է այդ երկրի՝ քաղաքակիրթ պետությունների շարքից դուրս մղվելու եւ ավտորիտար երկրների շարքին դասվելու գործընթացի մասին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մինչ Վահրամ Դումանյանին ԿԳՄՍ նախարար նշանակելը, մի տասնյակի չափ մարդկանց առաջարկվել է զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն նրանք հրաժարվել են։ Նրանցից մեկը ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանն է։