Այսօր լրանում է հայ և ԽՍՀՄ բանաստեղծուհի, գրող, հրապարակախոս, ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանի 101-ամյակը: Ս. Կապուտիկյանը ծնվել է 1919 թվականի հունվարի 5-ին՝ Երևանում: Նրա հայրը մահացել է խոլերայից՝ դստեր ծնվելուց երեք ամիս առաջ։ Մայրը ստիպված էր աշխատել ընտանիքը պահելու համար, իսկ աղջկա դաստիարակությամբ զբաղվում էր տատիկը: Վերջինս ծնունդով Վանից էր։
Կապուտիկյանը դեռ մանկուց է սկսել բանաստեղծություններ գրել: Նա իր առաջին բանաստեղծությունը հրապարակել է 14 տարեկանում։ Տարիներ անց Ս. Կապուտիկյանի բանաստեղծություններն արդեն սկսել են հրապարակվել հայտնի գրական ամսագրերում: Երիտասարդ Սիլվայի բանաստեղծությունները բազմաթիվ մրցույթներում տարբեր պարգևներ ու մրցանակներ են ստացել: 1941 թվականին Սիլվա Կապուտիկյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1950 թվականին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները:
Նրա բանաստեղծությունների առաջին՝ «Օրերի հետ» ժողովածուն լույս է տեսել 1945 թվականին։ Կապուտիկյանին Մոսկվա են հրավիրում՝ երիտասարդ գրողների համամիութենական առաջին խորհրդակցությանը մասնակցելու համար։ Այդ ժամանակից ի վեր ԽՍՀՄ մայրաքաղաքը նրա համար երկրորդ տուն է դառնում: Սիլվա Կապուտիկյանն իր կյանքի ընթացքում բազմաթիվ կոչումներ և պարգևներ է ստացել: Նա ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ է: 1980 թվականին արժանացել է Վրաստանի մշակույթի վաստակավոր գործչի, ապա` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին: Նա պարգևատրվել է նաև «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», «Իշխանուհի Օլգա» շքանշաններով: Կապուտիկյանը 60-ից ավելի գրքերի հեղինակ է: Կապուտիկյանի պոեզիան ռուսերեն են թարգմանել Բելլա Ահմադուլինը, Յուննա Մորիցը, Վերա Զվյագինցևան, Յուլիա Դրունինան, Բուլատ Օկուջավան:
Նրա բանաստեղծություններում սերն ու հայրենիքը միշտ փոխկապված էին:
Եվ ինչպես մարդու՝ սիրահարվեցի
Գգվանքի կարոտ իմ ժողովրդին:
Նրան տվեցի և՛ երգ, և՛ կրակ,
Ինձ օջախ դարձավ հայաշխարհ մի ողջ,
Եվ անթեղեցին ոգին նրա բորբ
Այրված իմ կյանքի մոխիրները տաք:
Հնչում են շուրջս օրհնանքի խոսքեր,
Ապավինումի շշնջումներ մաքուր.
Ո’չ, չցրեցի ես կրակս՝ զուր
Զուր չվատնեցի շնորհներ ու սեր:
Բնաստեղծուհին նաև թարգմանություններ է արել, այդ թվում՝ Ա. Ս. Պուշկինի 22, Մարինա Ցվետաևայի 6 բանաստեղծություններ: Սիլվա Կապուտիկյանը մահացել է 2006թ. օգոստոսի 26-ին՝ Երևանում: Նա հուղարկավորվել է Կոմիտասի անվան պանթեոնում: Նրա մահից երեք տարի անց Երևանում բացվեց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը, որտեղ բանաստեղծուհին ապրել է իր կյանքի վերջին 30 տարիները: