Ճիշտ է, մենք ահավոր դժվարությունների դիմագրավեցինք, սակայն տագնապները դիմագրավելու կամք ու հավատ ունեցանք: Տագնապներից պետք չէ ընկճվել: Այս մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը` լիբանանյան OTV հեռուստաընկերությանը տված ամենամյա հարցազրույցի ժամանակ: Նա անդրադարձել է կորոնավիրուսի համաճարակին, խոսել նաև Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքների ու հայաստանյան իրավիճակի մասին:
«Տագնապների նկատմամբ մեր եկեղեցին ևս անմասն չմնաց: Իր գերագույնը կատարեց և իր լավագույնը տվեց մեր ժողովրդին՝ ծառայության իմաստով»,-ասել է Արամ Առաջինը:
Խոսելով Հայաստանում առկա իրողություններից՝ նա ընդգծել է. «Ադրբեջանի մեջ ուրախություն է տիրում, իսկ Հայաստանի մեջ՝ տխրություն, անորոշություն: Ինչո՞ւ, ինչպե՞ս… Հիմա չեմ ուզում այս հարցերին անդրադառնալ, սակայն Հայաստանի ներսում ներկա իրավիճակը մեզ կարող է ահավոր կացության, տագնապի և անորոշության առաջնորդել: Այսօր Հայաստանը և Արցախն անդունդի եզրին են: Եվ այս կացության շարունակությունը վտանգելու է Հայաստան պետությունը, իսկ Հայաստան պետության վտանգն իր ահավոր հետևանքները կունենա մեր ողջ ազգի վրա: Այսօր, դժբախտաբար, Հայաստանի ներսում ստեղծված է այնպիսի վիճակ, երբ ժողովուրդն անորոշության է մատնված: Կան հարցականներ, կան մեղավորներ, հանցավորներ են փնտրում, դասալքության մասին են խոսում:
Հայաստանի ներքին կյանքն այսօր այս ամենով է լցված: Հայաստանը պետք է դուրս գա հուսալքություն, անորոշություն, ներքին երկփեղկում առաջացնող այս վտանգավոր իրավիճակից»: