Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում այսօր Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ կմատուցվի: Սուրբ Ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:
Տարվա ընթացքում Ճրագալույցի Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Պատարագի ընթացքում վառվում են մոմեր, որոնց ճրագը մարդիկ տուն են տանում: Եկեղեցուց բերած ճրագը աստվածային լույսն ու օրհնությունն է խորհրդանշում: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում:
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Պատարագներ կմատուցվեն նաև Սուրբ ծննդյան օրվա` հունվարի 6-ի առավոտյան: